Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը չկարողացավ ապացուցել, որ արագաչափերը Սաշիկինն են. Աշոտյան

analitik.am

Փաշինյանն իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց բազմաթիվ հին ու նոր ստեր: Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, ում կարծիքով, Փաշինյանի ասուլիսն ուղղակի փիառ էր:

Աշոտյանի խոսքերով, առնվազն կոռեկտ չեն Փաշինյանի այն ձևակերպումները, որ խոստումները 100 տոկոսով կատարվել են. «Բայց մի քանի փաստ ուղղակի աղաղակող են: Փաշինյանն ասում է, որ այլևս իրականություն է պետական բյուջեն կարճ ժամանակում 30-40 տոկոսով ավելացնելու մասին խոստումը: Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս՝ եթե անգամ նա ճիշտ թվեր է ներկայացրել, երկու տարվա կտրվածքով 10+5 տոկոսը չի տալիս խոստացած 30-40 տոկոսը: Բացի դրանից, 2018 թվականի պետական բյուջեի եկամտային մասն արդեն ձևավորված էր ավելի դրական սպասումներով: Վստահ եմ, որ նրա բացակայությամբ պետական բյուջեն ավելի կավելանար:

Մյուս սուտը, որ նա ասաց, «Սաշիկի արագաչափերի» մասին էր: Նա բացառապես խոսեց համաներումների մասին՝ տուգանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ տուգանքները ներվել են մեր և ձեր հաշվին: Սակայն նա այդպես էլ չբացատրեց, թե ինչու է մինչև հիմա օգտագործում «Սաշիկի արագաչափեր» ձևակերպումը: Նա այս մեկ տարվա մեջ չի կարողացել ապացուցել, որ դրանք Ալեքսանդր Սարգսյանինն են: Ավելին՝ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը, ով նախկին ՃՈ աշխատակից է, մի քանի անգամ ասել է, որ այդ արագաչափերը երբեք Սաշիկ Սարգսյանին չեն պատկանել: Ինչո՞ւ է Փաշինյանը հերթական անգամ մեր և ձեր ականջին կախում այս մակարոնը:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ին: Նա դեռ օգոստոսի 17-ին հայտարարեց, որ այն բացահայտված է: Երեկ կրկնեց այդ միտքը՝ մի փոքր ձևափոխելով, թե գրեթե 100 տոկոսով է բացահայտված: Սակայն Մարտի 1-ը բացահայտված չէ, քանի դեռ բացահայտված չեն 10 զոհերի մահվան հանգամանքները»:

ՀՀԿ-ական նախկին պատգամավորի խոսքերով, Փաշինյանը ստել է նաև Ընտրական օրենսգրքի, հայ-ամերիկյան, հայ-ռուսական, ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին խոսելիս:

Նախկին պատգամավորն անդրադարձավ նաև նրան, որ Փաշինյանն իր լայվի մեջ բառ անգամ չի ասել ԼՂ հակամարտության մասին՝ մտահոգիչ համարելով այն և նշելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն քնել է, իսկ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնեցված են աշխատում. «Պարզվում է, որ Վիեննայում Ալիևի հետ հանդիպմանը դուք չեք բավարարվել միայն հումանիտար նախագծերի քննարկմամբ: Սրա մասին նույնպես պետք է պատմեք»:

 

Նույն շարքից