Բարի օր Հասարակություն 

Որպես ի՞նչ են 124 միլիոն տրամադրում տոնին, որ ինչ-որ մարդիկ գնան ռեստորան քեֆ անե՞ն. Քաղաքագետ

analitik.am

Քաղաքացու օր պետք է ունենայինք այն ժամանակ, երբ ունենայինք քաղաքացի, այնպիսի հասարակություն, որտեղ մարդու իրավունքներն իսկապես հարգված լինեին, և քաղաքացին որոշողը լինել, ինչը այդպես չէ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Արա Պապյանը:

Պապյանի խոսքերով, իշխանությունները կարող էին էլի թողնել, որ մարդիկ տոնը նշեն, և դրա համար պարտադիր չէ 124 միլիոն դրամ տրամադրել. «Եթե այդ 124 միլիոն դրամով կարելի է առնվազն 10 անօթևան ընտանիքի կյանքն էապես բարելավել, ուրեմն այդպես պետք է անել: Մենք խնայողություններ ենք անում, մանր ծախսեր կրճատում, տնտեսում ենք գումար, որը պետք է: Սակայն մենք մի կողմից կաթիլ-կաթիլ տնտեսում ենք, հետո տանում 124 միլիոն տրամադրում ենք տոնին: Որպես ի՞նչ, որ ինչ-որ մարդիկ գնան ռեստորան քեֆ անե՞ն»:

Քաղաքագետը նաև կարծում է, որ մեկ տարին քիչ ժամանակ է գնահատական տալու համար տեղի ունեցած իրադարձություններին, պետք է 10-15 տարի համբերել. «Ինչպե՞ս կարելի է մեկ տարի հետո գնահատական տալ, հատկապես երբ նույն իշխանություն է գնահատական տվողը: Համբերեք, թող 5-10 տարի անցնի: Եթե ժողովուրդն այդ օրը կարևորագույն կհամարի, կնշի: Ամեն մարդ իրավունք ունի նշելու, բայց պետականացնել այն, բյուջեից փող հատկացնել, ես չեմ ընդունում,-ասաց Պապյանը՝ հավելելով, որ որոշ մարդիկ նույնիսկ հայտարարում են, որ այն երկրորդ տոնն է Անկախության տոնից հետո»:

Պապյանը նշեց՝ թող այդ գումարը հաշվեն բաժանեն մարդկանց, թող ամեն մեկը որոշի ինչ անի իր գումարով. «Ինչո՞ւ պետք է իմ  այդ մի քանի հարյուր դրամը ինչ-որ բանի վրա ծախսվի, որը ես չեմ ուզում»:

Քաղաքագետը կարծում է, եթե մարդիկ ցանկանան նշել, իրենց գրպանի հաշվին կնշեն, ինչպես եղավ անցած տարի. «Եթե ժողովուրդը կնշի, ուրեմն գնահատել է: Իսկ նման պարտադրանքը միշտ որոշակի հակառակ արդյունք է բերում»:

 

Նույն շարքից