Հասարակություն Մշակույթ 

Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում` Լիտվայում

analitik.am

Ապրիլի 20-ին Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով համալիրի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու համար, նշեց, որ այս համերգով բալթյան երկրներում սկսվում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցին:

Հանդիսությանը դաշնամուրային կատարումներով հանդես եկավ Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը՝ կատարելով Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի և այլոց ստեղծագործությունները:

Համեգային ծրագրի երկրորդ հատվածում Արմինե Գրիգորյանը և Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը դաշնամուրային դուետի ձևաչափով կատարեցին հայ և լիտվացի ականավոր կոմպոզիտորների գործերը, որոնք բարձր գնահատականի արժանացան հանդիսատեսի կողմից:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական գինիների ներկայացման և համտեսման արարողություն։

 

Նույն շարքից