Այսօր մենք ժողովրդագրական խնդիր ունենք նաև այն պատճառով, թե մենք 20 տարի առաջ մեր մանկապարտեզներում մեր երեխաներին ինչ ենք ասել: Այսօր ԵՊՀ-ում տնտեսագետների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեց, որ 20 տարի առաջ շատ տարածված էր, երբ երեխաներին հայհոյանք էին սովորեցնում, երբ նրանք սկսում էին խոսել: Փաշինյանի խոսքերով, դա նաև զվարճանքի համար էին անում. «Երբ մեկի տուն հյուր էր գնում, երեխային հարցնում էին՝ ի՞նչ ես սովորել: Երեխան 5 հարկանի հայհոյանք էր ասում ու հա հա հա, հի հի հի: Հետո դրանից հետո եկավ կրիմինալ ենթամշակույթը: Երեխաները տեսնում էին, թե կրիմինալի մասին ինչ հարգանքով էին խոսում, օրինակ՝ օրենքով գողի, թաղի հեղինակություն: Ոչ մեկ հարց չի տալիս, թե ինչպես կարելի է հարգել մեկին, որի գործն ուրիշի տունը թալանելն է, կամ հանցագործություն պատվիրելը և այլն»:
«Շատ կարևորէ, թե ինչ ենք ասում մենք այսօր նախակրթարան գնացող երեխային: Նախակրթարան գնացող աղջկան մենք պետք է ասենք, որ 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, իմանա 3 օտար լեզու և պետք է ունենա առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, պետք է փող աշխատելու փորձ ունենա»,-ասաց վարչապետը:
Դասախոսներից մեկը հայտարարեց, որ երկու տղա պետք է ունենա նաև:
Փաշինյանը նշեց, թե այդ դեպքում պետք է հասկանալ՝ նա նստելու է տա՞նը, թե պետք է պայմաններ ստեղծել, որ նա գնա աշխատի. «Մենք մեր երեխաներին ուղերձ չենք տալիս, թե ինչի ենք պատրաստում իրեն, մենք մարդկանց ապագա չենք կառուցում իրենց մտքի մեջ: Մենք չենք ասում, թե ինքն ինչ երկրում պետք է ապրի: Երբ սա անենք, շատ հարցերի պատասխան կտանք»: