Հասարակություն 

Հապաղելն ազգային անվտանգության խնդիր է. Միհրան Հակոբյան

Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որին զոհ են գնացել 290 մարդ, իսկ 500 մարդ էլ վիրավորվել է, հերթական անգամ ապացուցում է, որ մուլտիկուլտուրիզմի գաղափարախոսությունը խորը ճգնաժամի մեջ է:

Ս. Հանթինգթոնի առաջ քաշած «քաղաքակրթությունների բախման» տեսությունը Ժամանակին անտեսվեց: Նաև անտեսվեց Իրանի նախագահ Մ. Խաթամիի առաջ քաշած «քաղաքակրթությունների երկխոսության» առաջարկը: Արդյունքում, տեսնում ենք, որ կրոնական անհանդուրժողականությունն ունի պասիոնարության բավականին մեծ պոտենցիալ, և հաշվի առնելով հարավի դեմոգրաֆիական վիճակն ու շարժը դեպի հյուսիս` ակնհայտ է, որ շատ կարճ ժամանակ հետո մեր երկիրը նույնպես թիրախում է հայտնվելու:

Մենք հիմա շատ վտանգավոր իրավիճակում ենք. մի կողմից առկա է արտագաղթի բացասական սալդոն, որովհետև մեր քաղաքացիներին գրավում են ավելի զարգացած աշխատաշուկաները, մյուս կողմից` մեր էժան աշխատաշուկան գրավիչ է հարավ-արևելքից միգրացիայի համար: Ուստի հենց հիմա է պետք հաշվել ռիսկերն ու հայեցակարգ մշակել, գործիքակազմ ստեղծել: Բացի դրանից, մենք ամեն ինչ արել ենք, որ արցախյան հակամարտությունը զերծ պահենք կրոնական երանգներից, բայց դա միակողմնի գործողություն չէ:

Պետք է հաշվի առնել, որ միջազգային կոնյուկտուրայի փոփոխության դեպքում Ադրբեջանն անմիջապես փորձելու է օգտագործել կրոնական գործոնը: Այստեղ նույնպես անհրաժեշտ է հաշվել ռիսկերն ու հնարավոր գործողությունների հստակ պլան ունենալ: Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք օր առաջ լուծումներ են պահանջում: Հապաղելն ազգային անվտանգության խնդիր է:

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան

Նույն շարքից