Գլխավոր Հասարակություն 

Միայն զուգարանի պատերն ապակուց չեն լինի. Լարված զրույց՝ Երևանի ավագանու նիստում

analitik.am

Երևանի ավագանու նիստում ավագանու անդամ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ ստեղծելու մասին նախագիծը տեղափոխել 16-րդ տեղից 2-րդ հարցի տեղը: Նա կարծիք հայտնեց, որ հարցը դրվել է վերջում, քանի որ բոլորը հոգնած են լինում, լրատվամիջոցներ գրեթե չեն լինում, իսկ դա կարևոր հարց է, պետք է լուրջ քննարկումներ լինեն:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ինքը երբեք չի հոգնում, իր համար բոլոր հարցերը կարևոր են, իսկ եթե մարդիկ հոգնում են, ավելի լավ է նիստը հետաձգել, քան՝ կարևոր հարցերը հոգնած քննարկել:

Ավագանու անդամը նշեց, որ օրակարգը բավականին ծանրաբեռնված է, դրա համար խնդրում է քվեարկության դնել իր առաջարկությունը:

Քվեարկության արդյունքում ԲՀԿ-ական ավագանու առաջարկությունը մերժվեց:

Դրանից հետո Միքայել Մանրիկյանը նշեց, որ Մարությանի խոսքերն ու արածները չեն համապատասխանում իրար: Մանրիկյանը հիշեցրեց քաղաքապետի խոսքերը, որ ավագանին մեկ մարմին է. «Իսկ այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, անհարգալից վերաբերմունք է ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ: Երբ դուք նեղն ենք ընկնում, դիմում եք երեք խմբակցություններին, որպեսզի ստեղծեն ժամանակակից հանձնաժողով և տալ որոշակի լուծումները: Խոսքը վերաբերում է Բյուզանդի մասնաշենքին: Իսկ ինչո՞ւ Դուք նախօրոք ընդդիմադիրներին չզգուշացրեցիք 24 Կամազ գնելու մասին: Չնայած պարզվում է, որ մեծամասնությունից էլ 4-5 անդամ են իմացել որոշման մասին: Դուք էլ եք ավագանու անդամ, պարոն քաղաքապետ, գործադիր մարմինը պարտավոր է բոլոր քայլերի մասին ավագանու բոլոր անդամներին տեղյակ պահել, Երևանի կառավարման գերագույն մարմինն ավագանին է: Իսկ ո՞վ է ասել, որ 24 Կամազ պետք է լինի, ոչ թե 15 կամ 30: Փաստացի Դուք արհամարհեցիք ընդդիմադիրներին: Եթե Դուք համամիտ չեք իմ ասածի հետ, ես բանավեճի եմ պատրաստ լրագրողների ներկայությամբ»:

Հայկ Մարությանը նշեց, որ հիմա ընտրություններ չեն, ի՞նչ բանավեճի մասին է խոսքը. «Եթե Դուք նշեք մի կետ, որի համաձայն քաղաքաապետարանը պարտավոր է իր գործողությունների մասին հայտնել ավագանուն, ես կհամաձայնվեմ»:

Մարությանը նաև նշեց, որ ինքը երբեք նեղը չի ընկել, չի ընկնում և չի ընկնելու. «Ավտոմեքենաների մասով ասեմ, որ տենդերը հայտարարվել է փետրվարին: Փետրվարից ամբողջ աշխարհը գիտի, որ 24 մեքենա մրցույթի է հանվել, որ գնում կատարենք: Իսկ կառավարության նիստի ժամանակ մենք խնդրեցինք, որ այդ 24 հատից մի քանիսը շուտ բերենք»:

«Ինչի՞ հիման վրա, եթե դուք աղբահանության ծրագիր չունենք, դուք նույնիսկ հաստիքացուցակը չեք հաստատել: Ես պահանջում եմ քաղաքապետարանի և Սանիտեքի միջև այս 6 ամսվա նամակագրությունը: Եթե չբացահայտվի, սև գործերի գոյության մասին կասկածներ կլինեն»,-արձագանքեց Միքայել Մանրիկյանը:

Բյուզանդի շենքի մասով Մարությանը նշեց, որ նեղը չի ընկել, իսկ ավագանուն դիմել է, քանի որ ավագանին է այն անվճար տրամադրել այնտեղ գտնվող մարդկանց. «Ես երբեք նեղը չեմ ընկնելու: Եթե ավագանին ուզում է իմ կողքին լինել լավ գործեր անելու համար, ես պատրաստ եմ ու ուրախ, եթե չի ուզում, ես չեմ կարող ստիպել: Ասեմ նաև, որ ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև մեր ֆրակցիայի անդամները տեղյակ չեն այն գործերից, որն անում է քաղաքապետարանը: Օրենքում կետ չկա, որ մենք պարտավոր ենք մեր ամեն քայլը տեղեկացնել: Դա աբսուրդ կլինի, քանի որ օրական մենք հարյուրավոր որոշումներ ենք կայացնում: Դրանց մասին տեղեկացնելու մասին քաղաքապետարանի աշխատակազմի չափ ևս մեկ աշխակազմ է պետք: Բացի դրանից, մենք ձեզ էլ ենք խղճում, դուք աշխատում եք ամբողջ օրը»:

«Մեզ պետք չէ խղճալ»,-արձագանքեց Միքայել Մանրիկյանը:

«Մի ընդհատեք»,-հայտարարեց Մարությանը:

«Չեմ ընդհատում, խոսեք, պարոն քաղաքապետ»,-պատասխանեց ԲՀԿ-ականը:

«Դուք չպետք է ինձ թույլ տաք խոսեմ, թե ոչ: Եթե Ձեզ թվում է, որ ընդհատելով դիվիդենտ ենք հավաքում, հանրությանն ինչ-որ բան եք ցույց տալիս, սխալվում եք: Այստեղ թող որևէ մեկը որևէ մեկին չընդհատի, պետք է շարժվել օրենքով: Ինչ վերաբերում է նամակագրությանը, գրավոր գրեք պահանջեք, կտանք: Ամեն ինչ արվում է մաքսիմալ թափանցիկ: Մնում է պատերն էլ ապակուց անենք, որ տեսնենք, թե ով ոնց է շարժվում: Միայն զուգարանի պատերն ապակուց չենք անի, եթե դեմ չեք»,-ասաց Մարությանը:

Նույն շարքից