Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դատվածություն ունեցող մարդկանց չընդունել պետական մարմիններ աշխատանքի. ԲՀԿ ավագանու ղեկավար

analitik.am

Երևանի ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հարց ուղղեց Ավան վարչական շրջանի ղեկավարին. «Պարոն Դանիելյան Դավիթ Սասունի Պողոսյանը Ձեզ մոտ աշխատո՞ւմ է»:

Ավան վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց, որ այո, իր տեղակալան է, որին ի պատասխան Մանրիկյանն ասաց. «Շատ զարմանալի է, պարոն Դանիելյան, լինելով ոստիկանության նախկին աշխատող, ցավոք, դուք շատ սխալ կադրային քաղաքականություն եք վարում: Հարցը հետևյալն է, կարդում եմ Դատալեքսից վերցրած նյութը՝ Դավիթ Սասունի Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քր.Օր.-ի 177 հոդվածի երրորդ մասի առաջին կետով և նրան դատապարտել են 4 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման»:

Նա նաև նշեց, որ  գործը վերաբերում է հանցավոր խմբի շրջանակներում գողություն կատարելուն՝ պարզաբանում ակնկալելով Ավան վարչական շրջանի ղեկավարից: Վերջինս պատասխանեց. «Դավիթ Պողոսյանը նշանակվել է լրիվ օրենքի սահմաններում, ըստ Քրեական օրենսգրքի 74 հոդվածի, դատվածությունը մարված  է, ներկայումս Դավիթ Պողոսյանը,  բացի այն, որ աշխատում է վարչական շրջանի ղեկավար, ԵՊՀ-ում հայցորդ է, վերջին երկու տարին աշխատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, ունի բժշկական կրթություն, բարձր գիտելիքների է տիրապետում, մենք գոհ ենք իր աշխատանքից»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այս դեպքում օրենքը թույլ է տալիս նույնիսկ ոստիկանությունում և ԱԱԾ-ում աշխատել, երբ դատվածությունը մարված է արդեն:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Իսկ երևույթը, բարձրագույն կրթությունով ցմահ դատապարտյալներ էլ կան»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Այսինքն, եթե մարդը դատված է և դատվածությունը մարված է, Դուք կոչ եք անում պետական մարմիններին, բոլորին երբևիցե այդ մարդկանց աշխատանքի չընդունե՞լ: Ես ուղղակի ուզում եմ ուղերձը հասկանալ ձեր խմբակցության»:

Միքայել Մանրիկյանը պատասխանեց. «Ասում եմ՝ ոչ թե չընդունել աշխատանքի, այլ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը նման մարդկանց համար, կարծում եմ, շատ բարձր է»:

Մարությանն ասաց, որ սա ընդունում է՝ որպես խմբակցության դիրքորոշում: Մանրիկյանը նշեց, որ դա իր անձնական դիրքորոշումն է՝ որպես քաղաքացի:

Մարությանը պարզաբանեց. «Դատված մարդկանց, ում դատվածությունը մարված է, չընդունենք որևէ պետական մարմին աշխատանքի, սա ձեր դիրքորոշումն է, լավ , շնորհակալություն, կընդունենք ի գիտություն: Մեր դիրքորոշումն այլ է»:

Իմ Քայլը խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, երբ հերթը հասավ իր հարցին,  նշեց, որ սկզբում բոլորովին այլ բան էր պատրաստել, բայց ուզում է շատ կարճ անդրադառնալ Մանրիկյանի ասածին՝ կապված դատվածություն ունեցող փոխթաղապետի հետ. «Հարգելի նոր քաղաքական գործիչների շարքերում, ինչպես նաև ձեր խմբակցությունում, էլի կան մարդիկ, ովքեր դատապարտված են եղել: Նոր Հայաստանում բոլորը պատժվելու են՝ լինի դա Ձեր ֆրակցիայից կամ մեր, կամ կապ չունի: Էտքանը»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հարցրեց՝ իսկ հարցը՞:

ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար  Մանրիկյանն արձագանքեց. «Նվարդ ջան, մեր ֆրակցիայից ո՞վ ա դատված, եթե ասել ես, ասա մինչև վերջ»:

Ի պատասխան Նուարդ Վարդանյանն ասաց. «Ես ընդամենն ասացի՝ Ձեր մոտից լինի, թե մեր, կապ չունի, նոր Հայաստանում բոլորը պատժվելու են»:

 

Նույն շարքից