Քաղաքականություն 

Խնդրում եմ, որ վարչապետի ասածը որպես հանդիմանանք չդիտարկեք. Լիլիթ Մակունց

analitik.am

Այսօր՝ ապրիլի 23-ին, խորհրդարանում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է արել:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցն ասաց, որ հանդիպման ժամանակ մի շարք հարցերի հետ քննարկվել է նաև քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հարցը: Նա նշեց, որ նման հանձնաժողովներ ստեղծվելու են մի քանի ուղղություններով՝ հանքարդունաբերության, ջրօգտագործման և այլն. «Սա նախնական քննարկում էր, երբ վերջնական ցանկ լինի, կհրապարակվի: Ամբողջականացումը տեղի կունենա երկուշաբթի»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե Ազգային ժողովը չի օգտագործում իր ամբողջ ներուժը, հիմա պետք է քննիչ հանձնաժողովներ լինեին, Մակունցն ասաց, որ իրենք իրականում բավականին ինտենսիվ աշխատում են. «Ես խնդրում եմ վարչապետի ասածը որպես հանդիմանանք չդիտարկել: Կառավարության հետ Իմ քայլը խմբակցությունը կառուցողական աշխատանքային հարաբերություներ ունի: Մենք միևնույնն է պլանավորում էինք այս քննարկումը, վարչապետը տեղյակ է եղել, ուղղակի առաջնահերթությունները պետք է սահմանեինք: Այո, ես համաձայն եմ, որ մենք պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել այն գործիքներն ու լիազորությունները, որ ունի Ազգային ժողովը: Ժամանակի ընթացքում կհասկանանք, թե էլ ինչ է պետք ամբողջ գործընթացն ավելի վերահսկելու համար»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ այս Ազգային ժողովը շարունակի նախորդ ԱԺ-ում Գևորգ Կոստանյանի գլխավորած հանձնաժողովի աշխատանքները, որը կապ ուներ հայտնի գաղտնալսման հետ, Մակունցն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել:

Նույն շարքից