Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը մոտ ապագայում կվերադառնա. Քաղաքական գործիչները՝ ՀՀ երրորդ նախագահի հրաժարականի մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 23-ին, լրացավ մեկ տարին, ինչ ՀՀ երրորդ նախագահ, ապա վարչապետ  Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Analitik.am-ը զրուցեց քաղաքական ոլորտի գործիչների հետ՝ հասկանալու համար, թե մեկ տարի անց ինչպես կորակեն Սերժ Սարգսյանի այս քայլը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խիզախություն համարեց ՀՀ երրորդ  նախագահի քայլը․«Իրականում, քաղաքական խիզախության քայլ էր մի մարդու, ով չցանկացավ երկիրը տանել ցնցումների։ Այսօր որոշ քաղաքական ապերախտներ մոռանում են դրա մասին, բայց պետք է հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի որոշումը իրականում հեռու պահեց Հայաստանը ցնցումներից և, ինչպես ինքն էր նշել իր ուղերձում, մի քանի տարբերակ կար հանգուցալուծելու, բայց ոչ ոք իրենը չի, բացի այն տարբերակից, որը թույլ կտար պահապանելու երկրի կայունությունը և մեր սահմանների անվտանգությունը հարցականի տակ չէր դնի»։

Աշոտյանն ապրիլի 23-ը հիշարժան օր է համարում. «Սակայն, այդ օրը լավով ենք հիշելու, թե վատով, պատմությունը պատասխանը կտա, այն միտումները, որ Հայաստանում սկիզբ են առել այդ օրվանից առ այսօր, հուշում են այն մասին, որ ոչ միայն Հայաստանի պետականությունը չի ամրապնդվում, բարեկեցությունը չի ավելանում, այլև բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել, բայց ավելի վտանգավոր է մարդկանց համատարած ու օրեցօր ավելացող հիասթափությունը»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ քաղաքականությունից բացակայելուն, ՀՀԿ փոխնախագահը նշեց. «Պարոն Սարգսյանը երբեք չի լքել քաղաքականությունը, ուղղակի հանրային քաղաքականությամբ մի որոշ ժամանակ չի զբաղվել և մոտ ապագայում կվերադառնա»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ Analitik.am-ի հետ զրույցում ասաց, որ ողջունելի է համարում ՀՀ երրորդ նախագահի քայլը․ «Մի կողմից ճիշտ քայլ էր այն իմաստով, որ պետք է հրաժարական տար, մյուս կողմից՝ ողջունելի քայլ էր, քանի որ կարող էր և հրաժարական չտալ։ Այդ հարցին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին՝ ԱԺ-ի իր ելույթում, նշելով, որ համաձայնություն է եղել քաղաքական բռնություն չիրականացնելու հարցում։ Անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանի մասին ով ինչ կմտածի, կարծում եմ, որ պատմության մեջ այն ճիշտ քայլ պետք է համարվի, քանի որ երկիրը հավելյալ ցնցումների չտարավ։ Համեմատական անցկացնելով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետ՝ նմանությունն ինչ-որ իմաստով այն է, որ երկուսն էլ հասկացան, թե ինչ իրավիճակ է իրականում և այդ իրավիճակի միակ հանգուցալուծումը հրաժարական տալն էր։ Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվեր նաև Հանրապետական կուսակցությունից, ապա, կարծում եմ, կփլուզվեր նաև ՀՀԿ-ն»։

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ կարծում է, որ  Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, քանի որ կային այլ գործոններ. «Սերժ Սարգսյանը գնաց այդ քայլին, քանի որ կային այլ չերևացող գործոններ, մասնավորապես, խաղաղապահ գումարտակի զինվորականների միացումը բազմահազարանոց ցույցին, նրա դեմ դուրս էին եկել նաև իշխանական որոշ խմբեր, որոնք աշխատում էին Սերժ Սարգսյանի դեմ՝ Արևմուտքի խիստ հսկողության տակ։ Այսինքն՝ ստեղծվեց մի իրավիճակ, որ ինքը պետք է հեռանար»։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Հիշեցնենք, որ 2018-ի այս օրը՝ ապրիլի 23-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։

Արտյոմ Առաքելյան

 

Նույն շարքից