Բարի օր Հասարակություն 

Երբ ասում ես, որ պատրաստ ես թուրքերի հետ առանց նախապայմանների հարաբերությունների, դու դավաճան ես. Հայրիկյան

analitik.am

Ամենաբարձր միջազգային կառույցը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, Եվրոպական միությունն է, որն ասում է, որ 1915-23 թվականներին հայերի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Մենք չպետք է միայն 15 թվականով սահմանափակվենք: Ցեղասպանությունը սկսվել է 19-րդ դարի 90-ականներին և շարունակվել է մինչև 20-րդ դարի 23 թվականը: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի խոսքերով, ցեղասպանության մասնակից է նաև բոլշևիկյան Ռուսաստանն՝ իր ռուս-թուրքական պայմանագրով. «Որովհետև ցեղասպանությունը կատարվեց, սակայն կնիքը դրվեց ռուս-թուրքական պայմանագրով: Եթե այսօր Հայաստանի իշխանությունները հայկական իշխանություն լինեին՝ առողջ, քաղաքականապես գրագետ, առաջնահերթ խնդիր պետք է համարեին Վրաստանի օրինակով ասել, որ Հայաստանի վերաբերյալ ամեն ինչ հանեն պայմանագրից, այլապես միջազգային դատարան կդիմենք: Իսկ ռուս-թուրքական պայմանագիրը հակահայկական է, այն գործում է, Նախիջևանն այդ պայմանագրով է տրվել, Արցախն այդ պայմանագրի հետևանքով է դարձել այլ պետության բաժին: Ադրբեջանցիները չեն հարձակվել ու գրավել Արցախը, Մոսկվան է տվել: Ուրեմն մենք ցեղասպանության մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ մեր սերունդը խնդիր ունի: Այլապես մենք զբաղվում ենք ինքնախաբեությամբ, գաղթականի մակարդակով ենք նայում երևույթներին, բնականաբար գաղթականի ճակատագրի էլ կարժանանք»:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն արտաքին քաղաքական ոլորտում որևէ փոփոխություն չեն արել և դրանով հպարտանում են. «Ես կարող եմ նրանց համար տխրել, լաց լինել, որ հեղափոխություն են անում, արտաքին քաղաքականություն են պահպանում, բայց միաժամանակ խոսում են հզորանալու մասին: Եթե արտաքին քաղաքականությունը լավն էր, ինչո՞ւ էիք հեղափոխություն անում, ինչո՞վ եք հզորացնելու: Հայաստանի գլխավոր խնդիրն արտաքին քաղաքականության ոլորտում և ընդհանրապես ռազմավարություն ունենալն է, իսկ մեր սերնդի գլխպավոր առաքելությունն է ցեղասպանության հետևանքների վերացումը: Երբ ասում ես, որ պատրաստ ես թուրքերի հետ առանց նախապայմանների հարաբերությունների, դու դավաճան ես: Թուրքերը նախապայմաններ են դնում, իսկ մենք այդպես ենք ասում»:

Նույն շարքից