Բարի օր Հասարակություն 

Հատուցումը պետք է լինի ամբողջական հայրենիք ունենալու սկզբունքի հիմքի վրա. Արծվիկ Մինասյան

analitik.am

Միանշանակ է, որ բացի ճանաչումից, պետք է լինի նաև հատուցում: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը. «Ճանաչման գործընթացն այլևս չի կարող հիմնական օրակարգը լինել, այն պետք է զուգակցվի հատուցման օրակարգով: Ընդ որում հատուցումը պետք է լինի ամբողջական հայրենիք ունենալու սկզբունքի հիմքի վրա, ոչ թե պարզապես նյութական հատուցում սեփականությունը կորցրած հայ ժողովրդի զավակներին: Հայրենիքը պետք է վերականգնվի: Սա է լինելու առաջիկա ժամանակաշրջանի հայության պահանջը և Հայ դատի պայքարի առանցքը»:

Մինասյանը նշել է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո էլ Բյուրոն միանշանակ շարունակում է պայքարել ցեղասպանության ճանաչման համար. «Մի շարք ուղղություններով մենք ունենք ոչ միայն նոր ձեռքբերումներ, այլ նաև հնարավորություններ այլ երկրներում այլ գործակից, այլ ազգեր ու իշխանություններ ներգրավվելու այս աշխատանքի մեջ: ՀՅԴ-ն, Հայ դատի գրասենյակները, մեր ողջ համահայական կառույցը լայն թափով աշխատում է: Մեր գլխավոր խնդիրն է համահայկական ներուժի համախմբումը»:

ՀՅԴ-ականը դրական է համարում, որ պետությունները ճանաչում են ցեղասպանության փաստը, սակայն պնդում է, որ դրանով չպետք է սահմանափակվել, պետք է լինի հատուցում: Իսկ վերջնական կետը լինելու է ազատ, անկախ, միացյալ Հայաստանի կերտում, որը կդառնա արդեն իրական հայրենիքը:

Նույն շարքից