Բարի օր Հասարակություն 

Մեկ տարի առաջ մահացավ փոքրիկ Յուրան. Նրա մահվան պատճառ դարձած վարորդը, սակայն, ազատության մեջ է

analitik.am

Analitik.am-ը զրուցեց Տաթև Սեկոյանի հետ,ով ուղիղ մեկ տարի առաջ կորցրեց իր փոքրիկին՝Յուրային: Նշենք, որ երեխան մահացավ վթարի հետևանքով ստացած  մարմնական վնասվածքների պատճառով. «2018 թվականի ապրիլի 23-ին վթարի ենթարկվեցինք երթուղային տաքսիով երթևեկելու ժամանակ, վթարի հետևանքով իմ երեխան ստացավ մարմնական վնասվածքներ և երեք օր անց ես կորցրեցի իմ երեխային։ 

Վարորդը, որի պատճառով եղավ վթարը ,փախուստի դիմեց, սակայն հասկանալով, որ կգտնենք իրեն, մի երկու օր հետո հանձնվեց։ 2018 թվականի օգոստոս ամսից սկսվեցին դատական նիստերն ու տևեցին մինչև դեկտեմբեր ամիս։ Վարորդի նկատմամբ եղել էր  ազատազրկման վճիռ, սակայն վերջինս միջնորդություն էր ներկայացրել ազատազրկումը գրավով փոխարինելու վերաբերյալ, որը ընդունվեց դատարանի կողմից։

Մեկ ամիս ազատության մեջ մնալուց հետո մեր փաստաբանը բողոք ներկայացրեց, որի հիման վրա նրան նորից կալանավորեցին։ Այս անգամ վարորդը վերաքննիչ բողոք ներկայացրեց, որը մերժվեց դատարանի կողմից։

Դեկտեմբերի 4-ին դատարանի վճռով նա դատապարտվեց չորս տարի ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվեց, հիմա այդ անձն ազատության մեջ է»: 

Տաթևը նշեց, որ փոքրիկի մահվան պատճառ դարձած վարորդը նույնիսկ ներողություն չի խնդրել իրենցից.

«Վթարին հաջորդող մոտ երկու շաբաթն ամուսնուս հետ հիվանդանոցում էինք, քանի որ մեր մեքենայի վարորդը մարմնական վնասվածքներ էր ստացել, այդ ընթացքում մեղավորը և նրա կողմից ոչ ոք չի եկել մեզ մոտ կամ իր անհանգստությունը հայտնել, անգամ ներողություն չեն խնդրել, ոչ էլ ցավակցել։ Նրանց կողմից միակ քայլն այն է եղել, որ հոգացել են ծախսերը, դա էլ արել են, քանի որ չանելու դեպքում համաներումն իր վրա չէր տարածվելու։

Մտավախություն ունենալով, որ արդար դատ չի լինի, 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանին նամակ էինք ուղարկել, որը քննարկվել էր և արձագանքեցին, որ լինելու է արդար դատավարություն։

Դատավարությունն արդար էր, դատավորը նույնպես, բայց համաներում առաջարկողները հաշվի չէին առել, որ նմանատիպ դեպքեր էլի կան»։

Տաթև Սեկոյանին վրդովվեցնում է այն, որ երեխայի մահվան պատճառ դարձած անձի նկատմամբ համաներում է կիրառվել և սա այն դեպքում, երբ պարզ չէ, թե այդ անձն ինչպես կդրսևորի իրեն ազատության մեջ՝ առավել ևս, երբ նույնիսկ մարդկային կարեկցանք և զղջում չի ցուցաբերել՝ գոնե ներողություն խնդրելով իր արարքի համար: 

Տաթև Սեկոյանն իր ՖԲ էջում երեկ՝ ապրիլի 23-ին, հրապարակել էր նաև լուսանկար՝ գրելով, որ երեխային տվեց ծծակը (լուսանկարում), սակայն չհասցրեց կերակրել նրան...

Հիշեցնենք, որ 2018-ին՝ ապրիլի 23-ին, Սարգիս Գառնիկի Գյուլումյանը մեծ արագությամբ ու խախտումներով հարվածել էր երթուղային մեքենային, ինչի արդյունքում  փոքրիկ Յուրան մարմնական վնավածքներ էր ստացել և 3 օր անց՝ ապրիլի 26-ին, գիտակցության չգալով մահացել: Գյուլումյանին դատարանը դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվեց համաներում և նա հայտնվեց ազատության մեջ: 

Արտյոմ Առաքելյան

Նույն շարքից