Քաղաքականություն 

Թուրքիայի պարամետրը դարձրել են Հայաստանի անկախության դեմ քայլեր անելու մեխանիզմ. Արամ Սարգսյանը՝ Ծիծեռնակաբերդում

Վարչապետ Փաշինայնը շատ ճիշտ է արել, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, առանց ցեղասպանության խնդիրը որպես գործոն օգտագործելու, որովհետև հարևան երկիր են: Շատ ողջունելի է այդ պահվածքը: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արամ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախապայմաններին՝ կապված Արցախի հետ, նախկին վարչապետը նշեց, որ թուրքերն ու ադրբեջանցիները գրեթե նույն ժողովուրդն են, հետևաբար տարօրինակ կլիներ, եթե Անկարան չպաշտպաներ Բաքվին:

Սարգսյանի խոսքերով, պետք է խնդիր դնել փոխըմբռնման հասնել. «Եթե զրոյական կետից, առանց նախապայմանների խոսել իրար հետ: Մենք պետք է ասենք, որ միշտ հիշելու ենք պատմության էջերը, սակայն դրանք կարող ենք մի կողմ դնել ու փորձել խոսել, դուք պատրա՞ստ եք: Թող նրանք ասեն՝ ոչ, դա իրենց խնդիրն է»:

Նախկին վարչապետը խոսեց նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին ևս՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պետք է անմիջապես վավերացներ այն: Սարգսյանը նշեց, որ Հայաստանը փորձել է 21-րդ դարին հարիր հարաբերություններ ունենալ իր հարևանի հետ, ստորագրեց Ժնևի փաստաթուղթը. «Եթե մենք ուզում էինք Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել պետք է խորհրդարանով վավերացնեինք»:

Նախկին վարչապետը հնարավորություններ է տեսնում հարևանների հետ հարևանական հարաբերություններ ունենալու հարցում: Սարգսյանին դուր չեն գալիս այն հայտարարությունները, թե եթե ինչ-որ մեկը չլինի, Թուրքիան Հայաստանին կուտի. «Թուրքիայի պարամետրը դարձրել են Հայաստանի անկախության դեմ քայլեր անելու, Հայաստանին հպատակ դարձնելու մեխանիզմ: Սրանից պետք է հետևություններ անի նաև Թուրքիան՝ անելով ընդառաջ քայլեր: Հայաստանի իշխանություններն այսօր ունեն լեգիտիմության մեծ պաշար, կարող են նման ցավոտ խնդիրներում հանրության տեսակետեր ասել և բացատրել, թե ինչի համար է արվում: Օրինակ ես միշտ ասել եմ իմ տեսակետները՝ անկախ դրանից, թե համացանցում ինչ կգրեն դրա մասին: Խնդիրը պետք է լուծվի: Այստեղ գալը մի իմաստ ունի՝ ավելի ուժեղ լինել, հակառակ դեպքում որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ մեզ հետ նման բան չի լինի: Ես լավ հիշում եմ, թե ինչ եղավ 18-20 թվականներին, թե ինչեր կորցրեցինք մենք բարեկամի պատճառով»:

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    60
    Shares

Նույն շարքից