IT Հասարակություն 

Ինտելեկտ՝ Google-ի ռոբոտների համար

analitik.am

Google կորպորացիան պայմանավորվածության է եկել DeepMind բրիտանական ստարտափի գնման շուրջ, որն արդեն երեք տարի գաղտնի աշխատանքներ է տանում արհեստական ինտելեկտի զարգացման շուրջ: Դրանք այժմ, հավանաբար, կօգտագործվեն ռոբոտատեխնիկայի ոլորտում, գրում է vesti.ru-ն:

 

DeepMind-ի հաջողություններն այնքան են տպավորել Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջին, որ նա, Re/code-ի տեղեկություններով, համաձայնել է ընկերության համար 400 միլիոն դոլար վճարել: Այլ տեղեկություններով, որոնք ներկայացնում է The Information-ը, գործարքի գինը կազմել է 500 միլիոն դոլարից ավելի: Ընդ որում՝ ստարտափի մասին տեղեկություն համացանցում գրեթե չկա: Նրա պաշտոնական կայքը բաղկացած է միայն մեկ էջից:

 

Ընկերությունը ձգտում է սովորեցնել էլեկտրոնային սարքերին մտածել մարդկանց պես: Առնվազն ընկերության մշակած համակարգերը սովորել են ինքնուրույն խաղալ համակարգչային խաղեր:

 

Ստարտափը հիմնադրել է Դեմիս Հասաբիսը, որն 90-ականների վերջին ստեղծել էր համակարգչային խաղերի մշակման խոշոր ստուդիա, իսկ 2000-ականներին դոկտորի աստիճան ստացել նյարդաբանության ոլորտում: Ընկերության տնօրեններից մեկն է Skype-ի և Kazaa-ի մշակմանը մասնակցած Յաան Տալինը:

 

Ինչպես հաղորդում է The Information-ը՝ ընկերությունում երկու աղբյուրների հղումով, միաժամանակ DeepMind-ի ձեռքբերման հետ Google-ը ստեղծել է էթիկայի խորհուրդ: Դրա խնդիրն է՝ հետևել, որպեսզի արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներն օգտագործվեն միայն լավ նպատակներով:

Նույն շարքից