Հասարակություն 

Գերմանիայի վերջին Կայսր Վիլհելմ 2-րդի ծոռը ներողություն է խնդրել հայերից

analitik.am

Մարտի 27-ին Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայանում կայացել է Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի «Մահը անապատում. Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գրաքննադատներ, հրատարակիչներ և լրագրողներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով ներկաներին դիմել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Ռիտա Շոռպը: Ելույթով հանդես եկավ նաև Բունդեսթագի պատգամավոր Էրիկա Շտայնբախը` կոչ անելով իր կուսակիցներին` բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, ճանաչել և դատապարտել այն:

Մարտի 29-ին Բեռլինի «Կայսր Վիլհելմ» հիշատակի բողոքական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին նշյալ եկեղեցու քահանա Կորնելիա Կուլավիկը և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

Այնուհետև ելույթ է ունեցել Բեռլինի բողոքական եկեղեցու քահանա, Պրուսիայի արքայազն Ֆիլիպ-Կիրիլը, որը Գերմանիայի վերջին Կայսր Վիլհելմ Երկրորդի ծոռն է: Ֆիլիպ-Կիրիլն իր ելույթում ներողություն խնդրեց հայերից` նշելով. «Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց հետնորդների ցավն անդառնալի է, սակայն խնդրում եմ, եթե կարող եք, ներե՛ք նաև իմ պապին` Կայսր Վիլհելմին»:

Միջոցառման ավարտին ելույթով ներկաներին դիմել է նաև Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:

 

 

Նույն շարքից