Առողջապահություն Հասարակություն 

Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը»

Աշխարհում ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը, ինչը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը հանրային առողջապահության ոլորտում:

2005 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` բարձրացնելու բնակչության իրազեկումը կյանքի բոլոր փուլերում պատվաստումների կարևորության վերաբերյալ, ինչը երաշխիք է վարակիչ հիվանդություններից զերծ մնալու: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» մեկնարկում է ապրիլի 24-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: Հայաստանը նախաձեռնությանը միանում է ապրիլի 25-ից:

Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթի» թեմաներն են «Պաշտպանվենք միասին» և «Պատվաստանյութերն աշխատում են»՝ ուշադրության կենտրոնում պահելով «պատվաստումների հերոսներին»` բարեխիղճ բուժաշխատողներին և հոգատար ծնողներին, ովքեր կարևորում են պատվաստումները:

Եվրոպական երկրներում կան խմբեր, որոնք ամեն տարի նպաստում են երեխաների և մեծահասակների շրջանում հիվանդությունների և նույնիսկ մահվան դեպքերի առաջացմանը, ինչը հնարավոր էր կանխել պատվաստումների միջոցով:

Այսօր էլ կարմրուկի առումով լարված համաճարակային իրավիճակ է եվրոպական տարածաշրջանում: Ուկրաինայում 2018 թվականին գրանցվել է կարմրուկի շուրջ 54000 դեպք, այս տարի արդեն` 15000 դեպք, 7-ը` մահվան ելքով: Կարմրուկի բռնկում է նաև Վրաստանում. 2018-ին գրանցվել է մոտ 2000-2200 դեպք, 3-ը` մահվան ելքով:

Աշխարհի մի շարք երկրներում` Ուկրաինա, Վենեսուելա, Հնդկաստան և այլ, դիտվում է դիֆթերիայի հետ վերադարձ՝ ուղեկցվելով մահվան դեպքերով:

Իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից է, երբ փոքր ներդրումներով ապահովվում են մեծ արդյունքներ։

Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում, աշխարհում կտրուկ նվազել է ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի թիվը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի:

Սակայն այս նվաճումները կարծես թե մարդկանց հանգստացրել են։ Ձևավորվել է թյուր կարծիք, թե արդեն հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ այլևս պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Նման մոտեցումը վտանգավոր է, քանի որ այդ պարագայում կարող են առաջանալ դեռևս մահացու համարվող վարակիչ հիվանդությունների բռնկումներ։

Յուրաքանչյուր ոք նախքան երկմտելը` պատվաստվել, թե ոչ, պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդություններինը:

Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002թ. Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր, և այդ կարգավիճակը պահպանում է առ այսօր:

1994-1995 թվականներին Հայաստանում դիֆթերիայի բռնկումից հետո զանգվածային պատվաստումների շնորհիվ համաճարակային իրավիճակը կայունացել է, և 2000թ. ի վեր դեպքեր չեն աձանագրվում:

Կարմրուկի և կարմրախտի առումով Հայաստանում համաճարակային իրավիճակը հանգիստ է ու բարենպաստ: 2007 թվականին իրականացված զանգվածային պատվաստումների, ապա պլանային պատվաստման ենթակա երեխաների մոտ 96-97% ընդգրկվածության ապահովման արդյունքում այդ ժամանակից ի վեր հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում:

Մեր երկրում կիրառվող բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան արտոնագրեր: Եվ Հայաստանում կան բոլոր պայմանները ներկրվող պատվաստանյութերը պատշաճ պայմաններում պահպանելու և տեղափոխելու համար:

Հայաստանում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում:

 

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից