Բանակում բեսպրիդելը վերանում է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Խոսելով մասնավորապես Մեղրիի դեպքերի մասին՝ Տոնոյանը հայտարարել է, որ նախաքննություն է իրականացվում, դրանից զատ իրականացվում է նաև ծառայողական քննություն, ինչի արդյունքում բոլոր մեղավորները պատժվելու են:
Ինչ վերաբերում է Մարտակերտի N զորամասում ծառայող զինվորներից մեկի հայտարարությանը, որ ինքը սպայի կողմից սեռական բռնության է ենթարկվել, Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Զինված ուժերն առողջ օրգանիզմ են, երբ փոքրիկ թարախիկներ, միկրոբիկներ են լինում, ինֆեկցիաներ են լինում, բոլորը դրա մասին իմանում են:
Ճշտող հարցին, թե նման բան ի վերջո եղե՞լ է, թե՝ ոչ, Տոնոյանը նշել է. «Երբ խոսքը հասնի ինձ, ես պատրաստ լինեմ որևիցե բան խոսելու, պատշաճ ձևով կտեղեկացնենք»:
Հարցին, թե նշանակվել է արդյո՞ք այդ մասով ծառայողական քննություն, նախարարը նշել է, որ այս պահին չի կարող ասել, իսկ միջադեպի մասին լսել է մամուլից: