Այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հայտարարություններին, թե ապրիլյան պատերազմը պայմանավորվածությունների արդյունքում է եղել, ասաց, որ նման բան չկա. «Ոչ մի պայմանավորվածություն»:
Բանակի խնդիրների մասով Տոնոյանը նշեց, որ դրանք բազմաթիվ են և իրենք փորձում են լուծել այդ խնդիրները:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ թալանված գումարներն ուղղվելու են բանակին, նախարարն ասաց, որ շատ ուրախ կլինի դրա համար՝ հավելելով, որ որոշ գումարներ արդեն ուղղվել են, սակայն չի կարող ասել, թե որքան:
Տոնոյանը սահմանապահների ծառայությունից գոհ է. «Համատեղ ծառայություն է տարվում տարբեր ուղղություններով, տարբեր աշխարհագրական մասերում, պատրաստվածությունը բարձր է»:
Պաշտպանության նախարարն այսօր մասնակցել է ԱԱԾ սահմանապահ ուժերի օրվան նվիրված միջոցառմանը:
Հարցին, թե մտահոգիչ չէ արդյո՞ք վարչապետի հայտարարությունը, որ ինքը ԼՂ հարցով բանակցությունները սկսում է նոր կետից, Տոնոյանն ասաց. «Ուզում եք ես ինչ-որ թարս կամ սխալ բան ասե՞մ: ՀՀ վարչապետը որոշումներ է կայացնում, բանակցությունների, արտաքին քաղաքականության համար պատասխանատուն ինքն է: Դուք ուզում եք Պաշտպանության նախարարը մեկնաբանությունենր անի՞ այդ հարցում»: