Իրավական գլխավոր 

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն այս պահին ամբողջությամբ հիմնավորված է. Արթուր Վանեցյան

Ես չեմ ուզում նման հայտարարություններ մեկնաբանել: ՀՀ-ում 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, սարքելու և այլնի դեպքեր չեն եղել: Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն, և ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային դերակատարություն: Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, առերեսումներով: Բայց չխախտելով Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, որտեղ բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, և հանրությունը կգնահատի այդ ապացույցների իսկությունը: Այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ՊՎԾ պետի պաշտպանների հայտարարությանը, թե ԱԱԾ-ն ուղղորդված և կանխակալ քննություն է իրականացնում:

Վանեցյանը խնդրեց չշահարկել գործը. «Պարոն Սանասարյանի նկատմամբ քրեական գործը մեծ աղմուկ է ստացել: Ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ լիազորությունները: Անկախ նրանից, թե ով է մեղադրվող անձը՝ եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա: Եթե նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցները  թույլ կտան անօրինականություններ, ևս պատժվելու են, նրանց պատիժը լինելու է առավել խիստ»:

Նույն շարքից