Microsoft, Google, Facebook եւ Yahoo ընկերությունները նյութեր են հրապարակել, որտեղ նշվում է ամերիկյան հատուկ ծառայություններին տասնյակ հազարավոր օգտվողների տվյալներ տրամադրելու մասին:
2013թ. հունվարից-հունիս ժամանակահատվածում հատուկ ծառայությունները Microsoft-ին դիմել են 15-16 հազար անգամ, Google-ին`9-10 հազար, Facebook-ին` 5-6, Yahoo-ին` 30 հազար անգամ: Վիճակագրության մեջ հայտնվել են ԱՄՆ-ի ՀԴԲ-ի եւ ԱԱԳ-ի գաղտնի հարցումները, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հաղորդվում է, որ ամերիկյան IT-ընկերությունները հատուկ ծառայությունների հարցումների վերաբերյալ տեղեկությունը կարողացել էին հրապարակել արդարադատության նախարարության հետ համաձայնության գալուց հետո:
Նշվում է, որ Microsoft, Google, Yahoo, Facebook եւ Linked-In ընկերությունները դիմել էին դատարան այն բանից հետո, երբ 2013թ. ամռանը հայտնի էր դարձել ԱԱԳ-ի հետ իրենց համագործակցության մասին` համացանցից օգտվողներին հետեւելու PRISM ծրագրի շրջանակում: Ընկերությունները պահանջել էին իրենց թույլ տալ հրապարակել օգտվողների մասին հատուկ ծառայությունների հարցումների մանրամասն վիճակագրությունը: