ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատուներից մինչև այժմ ավանդների փոխհատուցում ստացել է շուրջ 105,000 ավանդատու՝ գրեթե 17,3 մլրդ դրամի չափով։ 2014-2019 թթ փետրվար ամսվա վճարման ցուցակում ներառված են մինչև 1934 թ, դեկտեմբերի 31-ը ծնված 20987 հերթական համար ունեցող տարեց ավանդատուներ։
Սա մտահոգության առիթ է դառնում տարեց այն ավանդատուների համար, ում տարիքը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջին։ Զ․Ս․ նման խնդրով մտահոգ ավանդատուներից մեկն է։ Նա ծնվել է 1937թ․մայիսին, ինչը նշանակում է, որ դեռ սպասելու ժամանակ կա։ Արցունքները զսպելով է պատմում, թե ինչ դժվարությամբ է կուտակել գումարը․ «Լավ ենք ապրել, բայց երեխաներիս ապագայի համար էի մտածում։ Երեք երեխա ունեի։ Պետք է չէ՞ կրթեի, պահեի։ Դրա համար էլ «Լոտերեա» ենք խաղացել։ Ամեն ամիս մասնակցում էի և հերթագրումով հավաքված գումարը վերցնում։ Այդպես ավելի ձեռնտու էր։ Միանգամից ավելի մեծ գումար էի վերցնում։ Այդպես էլ կուտակել եմ գումարը»։
Զ․Ս-ի խոսքով՝ գումարը խնայբանկում է պահել, որ տոկոսադրույքով կուտակվի։
«Կուտակվել և ստացվել է մոտ 40,000 ռուբլի»,- նշում է տիկին Զ․-ն։
Նրա խոսքով՝ ունի գումարի կարիքը, հատկապես, որ դեղամիջոցների համար միշտ չէ, որ հերիքում է թոշակը , բայց հիմնական մտահոգությունն այլ է. «Մեծ կին եմ։ Ի՞նչ իմանամ՝ վաղը կլինեմ, թե ոչ։»,- մտահոգությամբ է շեշտում Զ․Ս․-ն։
Իսկ արդյո՞ք կարող են տարեց ավանդատուների ընտանիքի անդամներն ստանալ այդ փոխհատուցումը։ Պարզվում է, որ այո։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ուղարկված Analitik.am-ի հարցման պատասխանի համաձայն՝ դա հնարավոր է, եթե փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով իր բնակության վայրի տարածքային կենտրոն անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում։ Նաև, եթե մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց։
Իզաբել Սահակյան