Այս պահի դրությամբ ես ձեռնպահ կմնամ գնահատական տալուց Հայաստանի Հանարապետությունում քաղաքական բանտարկյալ կա, թե՝ ոչ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ Հայաստանում անօրինական անազատության մեջ գտնվողներ չկան, իսկ քաղաքական բանտարկյալների մասով ունի իր սուբյեկտիվ կարծիքը, որը չի հայտնի. «Ես արդարադատության նախարար եմ, ձեռնպահ կմնամ գնահատականեր տալուց: Նախկին իշխանությունները մշտապես հայտարարել են, որ քաղաքական բանտարկյալներ չկան: Քաղաքական բանտարկյալ լինել-չլինելու հարցը որոշվում է սուբյեկտիվորեն, որոշում է հասարակությունը: Հասարակությունը թող գնահատի՝ այսօր կա՞ն քաղաքական բանտարկյալներ, թե՝ ոչ: Դա սուբյեկտիվ է, դրա համար եմ ես ձեռնպահ մնում դրան քաղաքական գնահատական տալուց: Ես կդիտվեմ որպես կողմնակալ պատասխանը հնչեցնելով»:
Զեյնալյանի խոսքերով, եթե կան անձին անազատության մեջ պահելու համար բավարար հիմքեր, նա գտնվում է անազատության մեջ. «Եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, կալանքը փոխարինվում է խափանման այլ միջոցով, կամ կալանքը փոխարինվում է գրավով որպես այլընտրանքային խափանման միջոց: Այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի ժամանակ եղած իրավիճակից, շատ ավելի շատ անձ է գտնվում ազատության մեջ, քան՝ նախկին իշխանությունների ժամանակ»:
«Ես ինչո՞ւ ձեռնպահ մնացի քաղաքական գնահատական տալուց: Անձինք իրենք են որոշում ինչպես ընտրել իրենց պաշտպանությունը, ես չեմ հակադրվի այդ առումով: Իսկ մենք պարտավոր ենք ապահովել դատարանի, դատական իշխանության անկախությունը, անաչառությունը, որպեսզի դատարանները բարձրացրած հարցերին գնահատականներ տան»,-ասաց Զեյնալյանը: