Արդարություն և զարգացում իշխող կուսակցության անդամների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին:
Էրդողանը հայտարարել է, որ հայերի տեղահանումը չի եղել ցեղասպանություն կամ ողբերգություն, այն ուղղակի եղել է ցավալի իրադարձություն, որը տեղի է ունեցել բարդ պայմաններում:
Ոչ բարեկամ հարևանի նախագահը կրկին խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշման մասին, որով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Էրդողանը Ֆրանսիային մեղադրել է Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ 70 միլիոն մարդ սպանելու մեջ՝ հայտարարելով, որ Ֆրանսիայում բնակվող հայերին ուղղված Մակրոնի խոսքը չի փրկելու վերջինիս:
Սա ապրիլի 24-ից հետո Հայոց ցեղասպանության թեմայով Էրդողանի արդեն երրորդ ելույթն է: Ինչպես երևում է, Թուրքիայի նախագահը չի կարողանում գիշերները հանգիստ քնել: