Ազգային Ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը Ազգային Ժողովի ս.թ. ապրիլի 18-ի լիագումար նիստում, դիմելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, պահանջել էր վերջինիս մեկնաբանությունը այն կապակցությամբ, որ նախկինում ՀԾԿՀ-ը տվել է ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր տարբեր նախկին պաշտոնյաներին, այդ թվում նշելով նաև իմ անունը, փաստելով, որ ‹‹այդ ոլորտներում բազմաթիվ օրինախախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել և այսօր էլ դրանք շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ››: Այսինքն, նշված պատգամավորը հրապարակավ մեղադրել է ինձ ապօրինությունների և հանցագործության մեջ:
Այդ հայտարարությունից անմիջապես հետո ես կապվեցի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար պարոն Մարուքյանի հետ և տեղեկացնելով, որ իր խմբակցության անդամի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի, առաջարկեցի հորդորել պատգամավորին րապարակավ հերքել իմ հասցեին հնչեցրած զրպարտությունը: Ի դեպ, այդ օրը նույն առաջարկով պատգամավորի հետ կապնվելու իմ բոլոր փորձերը անցել են ապարդյուն:
Տեսնելով, որ իմ հորդորը մնաց անարձագանք, ես ս.թ. ապրիլի 26-ին գրավոր դիմել եմ պատգամավոր Արման Բաբաջանյանին առաջարկելով նրան Ազգային Ժողովի առաջիկա լիագումար նիստում հրապարակավ իր հարցադրումը որակել անտեղյակությամբ պայմանավորված դիպված և ներողություն խնդրել ինձնից զրպարտելու և պետական գործչի իմ հեղինակությունը վարկաբեկելու համար: Ի դեպ, այդ գրությանը կցել եմ նաև Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի պաշտոնական տեղեկանքը այն մասին, որ ոչ ես, ոչ էլ իմ միջնորդությամբ որևէ ընկերություն որևէ ոլորտում գործունեություն ծավալելու արտոնագիր երբևէ չի ստացել:
Այս մասին ես գրավոր տեղեկացրել եմ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
Հուսով եմ պարոն Բաբաջանյանը կդրսևորի պատգամավորին հարիր կեցվածք և կհետևի քաղաքական ողջամտության և բարոյականության իմ այս հորդորին: