Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելուց հետո կարծում էի, որ այն զգոնության ազդակ կլինի, բայց սխալվեցի. Պատգամավոր

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իր տարեկան զեկույցը և Տեղեկատվության ազատության վերաբերյալ թեմայի շրջանակում նշեց, որ 2018 թվականին 2017 թ-ի համեմատ երկու անգամ և 2016 թվականի համեմատ 3 անգամ ավելի շատ պետական մարմինները չեն պատասխանում լրագրողների և քաղաքացիների դիմումներին և հարցումներին:

Պետք է նշեմ, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք են բերել ոչ միայն քաղաքացիների և լրագրողների, այլև պատգամավորների նամակներին չպատասխանելու պրակտիկա: Եվ ցանկացած արդարացում ռեսուրսների և ժամանակի սակավության վերաբերյալ ընդունելի չեն, որովհետև դա խոսում է համակարգի անկազմակերպ և փնթի աշխատանքի մասին:

Այս պահին ունեմ նամակներ, որոնք անպատասխան են մնացել կառավարության, մի շարք գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և եթե նրանք ինձ սեղմ ժամկետում՝ օրինակ, 1 շաբաթում չպատասխանեն, ես կկազմեմսևցուցակ և կհրապարակեմ բոլոր գերատեսչություններին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի համաձայն.

1. Պատգամավորն իրավունք ունի հարցումներով եւ առաջարկներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը:

2. Իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) երկշաբաթյա ժամկետում, քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանել նրան.

2) ոչ ուշ, քան քննարկումից երեք աշխատանքային օր առաջ պատգամավորին գրավոր տեղեկացնել իր ներկայացրած հարցի քննարկման մասին:

ՀԳ Կառավարության 2018 թվականի տարեկան զեկուցման ժամանակ ես հարց ուղղեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարծում էի, որ հարցը զգոնության ազդակ կլինի, բայց սխալվեցի:

Ինչևէ սիրով դեռ կսպասեմ իմ ժամկետանց նամակների պատասխաններին:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան

Նույն շարքից