«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով և առհասարակ որևէ տեսակի աշխատանքները դադարեցված են: Ամբերդն ազգային հարստություն է, մեր աչքի լույսը, և նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդունելով հողի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններին:
Զբոսաշրջային զարգացման նպատակ հետապնդող ցանկացած նախաձեռնություն այս տարածքում պետք է արվի ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած նախագծի հիման վրա, երբ արդեն իսկ առկա կլինեն հնագիտական եզրակացությունները: Այստեղ անհրաժեշտության դեպքում կկատարվեն հնագիտական պեղումներ: Տարածքի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններն ընդունել են իրենց բաժին մեղավորությունը, և խնդրել միասին քննարկումների ու մասնագետների աջակցությամբ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել:
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում և դիտման գոտում որևէ միջամտություն հարկավոր է անել չափազանց զգուշավորությամբ և համայնապատկերին համահունչ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ նմանօրինակ դեպքերը բացառվելու են, լինելով անձամբ իր և պատասխանատու մյուս կառույցների ուշադրության ներքո:

