Էտքան ասացի, Նիկոլ, էտ տղուց ներողություն խնդրի: Դու նրան անարգանքի սյունին ես գամել, ինչ ասես, չես ասել, հիմա էլ ասում ես, որ սուտ չէ: Իսկ եթե սուտ չէ, 50/50-ն ո՞ւր է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ նկատի ունենալով Սաշիկ Սարգսյանին:
Եղիազարյանի խոսքերով, այսօր ազգովի գտնվում ենք շատ զզվելի իրավիճակի մեջ. «Ինչպե՞ս է վարվելու վաղը, միայն Աստծուն է հայտնի: Նույնիսկ իրեն հայտնի չէ, թե վաղն ինչ է անելու: Ըստ Փաշինյանի, ինքը պետք է իշխի, իսկ գործ անելն իր գործը չէ: Նրան բերել են ու նա կյանքի գնով պետք է ապականի հայ-ռուսական հարաբերությունները: Իսկ այն, որ նա խորհուրդներ է տալիս Զելենսկիին, բլեֆ է, որովհետև աշնանը Ռուսաստանի հետ մենք ստանալու ենք այլ հարաբերություններ»:
Եղիազայրանը հայտարարարել է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում են արդեն այն մարդիկ, ում ինքը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ կնսեմացնի, հետո կտա օրենքին. «Մենք մի մարդու հետ գործ ունենք, որը պետք է նախ նսեմացնի, հետո հանձնի օրենքին: Այսինքն, ինքը նսեմացողներով մի միավոր է, օրենքը՝ մեկ այլ: Նա առաջին հերթին պետք է ազատվի իր խորհրդականներից: Մենք գիտենք, թե ովքեր են այդ խորհրդականները, ինչ խորհուրդներ են տալիս՝ իրենց ընկերների ու բարեկամների վրա: Նա պետք է լուրջ մի քանի հոգու լսի, ովքեր կասեն, թե ինչպես պետք է երկրի ղեկավարը վարվի, ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ»:
ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոստումը չի կատարել, սակայն հիմա, աչքերը կլորացնելով, հայտարարում է, թե 100 տոկոսով կատարել է:
Եղիազարյանը հիշեցրել է նաև Քաղաքացու օրվա վերջում տեղի ունեցած հրավառության մասին՝ նշելով, որ այդպես վարվում էին նաև հանրապետականները: