Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Չենք թողնի, որ դաշնակից պետությունների ղեկավարներն առանց իրազեկվելու հեռանան. Նարեկ Մալյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 30-ին, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանն իրազեկման ակցիա էր փորձում իրականացնել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ ընթանում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, սակայն ոստիկանները չթողեցին նրան վերև բարձրանալ: 

Analitik.am-ը զրուցեց Մալյանի հետ, ով  նշեց, որ որոշել էր տեղյակ պահել դաշնակից պետություններին վտանգի մասին, սակայն ոստիկանները խոչընդոտեցին.«Հաշվի առնելով այն, որ մեր դաշնակից երկրների ղեկավարներն այսօր գտնվում են Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում՝  օգտվելով այս առիթից, որոշեցի տեղյակ պահել մեծ վտանգի մասին, որը Ջորջ Սորոսն է երկրների ներսում՝ իր քայքայիչ և կործանարար  քաղաքականությամբ։ Ես այստեղ երկրի պետականությունը կորցնելու վտանգ եմ տեսնում և ոչ միայն մեր երկրի, այլ նաև դաշնակից երկրների համար»: 

Նարեկ Մալյանը հիշեցրեց նաև այն դեպքերը, երբ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող անձինք գործել են պետության դեմ և չեն ենթարկվել պատասխանատվության․ «Կհիշեք երևի, երբ տրանսվիստիտ մարմնավաճառը մտավ ոստիկանության բաժին, անկարգություններ արեց  և մնաց անպատիժ, նաև, երբ մյուս տրանսվիստիտը մուտք գործեց Կրթության և գիտության նախարարություն և այնտեղից բավարարված դուրս եկավ, ինչպես նաև ԵՊՀ-ի դեպքը, որի շրջանակներում Սորոսի հիմնադրամից սնված անձինք հարձակվեցին ինձ վրա... բազմաթիվ են նման դեպքերը»։

Մալյանը նման վտանգ տեսնում է նաև դաշնակից երկրներում․ «Համեմատական անցկացնելով Հայաստանի և դաշնակից երկրների միջև՝ նման վտանգը կա նաև այնտեղ»: 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ոստիկանները չթողեցին իրեն բարձրանալ աստիճաններով Մարզահամերգային համալիրի մուտքի մոտ, Մալյանը նշեց, որ ոստիկանների  պատճառաբանությունը բեյջի բացակայությունն էր, սակայն  ինքը մտադրություն չի ունեցել դահլիճ մուտք գործել, որպեսզի բեյջի կարիք լիներ․ «Նպատակս դրսում բարձրախոսի միջոցով ակցիայի նպատակների մասին բարձրաձայնելն էր, սակայն ոստիկանները խոչընդոտեցին՝ առանց հիմնավոր պատճառաբանության: Նշեցին,թե բեյջ չկա, դրա համար չեք կարող բարձրանալ, բայց երկու անձ առանց բեյջի բարձրացան այնտեղ, որտեղ ինձ բեյջ չունենալու պատճառաբանությամբ չթողեցին մնալ»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է պատրաստվում Մալյանն անել, որ դաշնակից պետությունները տեղեկացվեն վտանգի մասին, վերջինս նշեց, որ այլ վայրերում էլ է ակցիաներ իրականացնելու․ «Այսքանով չենք բավարարվելու, բնականաբար, չենք թողնելու, որ մեր դաշնակից պետությունների ղեկավարներն առանց իրազեկվելու հեռանան, կշարունակենք, մտածում եմ, այն հյուրանոցների դիմաց ակցիա իրականացնել, որտեղ նրանք հյուրընկալվել են»։

Արտյոմ Առաքելյան

Նույն շարքից