Հասարակություն 

Արթուր Բաղդասարյանը վաճառում է ՀԱՊԿ ակադեմիայի շենքն՝ առանց բնակիչներին փոխհատուցում տալու

Այսօր՝ ապրիլի 30-ին, Այգեստան 11 փողոց 34/1, 34 հասցեների բնակիչներ Լիլիթ Ասատրյանը, Էմմա Հակոբյանը և  փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հանդես եկան մամուլի ասուլիսով, որտեղ Արթուր Բաղդասարյանի կողմից իրենց սեփականությունից, անշարժ գույքից զրկված բնակիչներն արդարություն էին պահանջում։ Բնակիչներին մտահոգել է մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է վաճառել ՀԱՊԿ ակադեմիայի շենքը այդ տարածքում գտնող բնակելի տների տարածքների հետ միասին՝ առանց հատուցելու բնակիչներին։

Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 2014 թվականին Արթուր Բաղդասարյանը Երևանի քաղաքապետարանից համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո ծրագրել է ՀԱՊԿ ակադեմիա կառուցել․ «Սակայն, այն տարածքում, որտեղ պետք է կառուցվեր ակադեմիան, առաջացել էին խնդիրներ՝ կապված տարածքին սահմանամերձ բնակելի տների և տարածքների հետ», -նշեց փաստաբանը։

Արթուր Բաղդասարյանի անունից ներկայացած անձը՝ Խանիկ Պետրոսյան անունով, դիմել է տարածքի սահմանամերձ բնակելի տների և տարածքների բնակիչներին՝ առաջարկելով կնքել առուվաճառքի տարաժամկետ պայմանագիր։ Այդ տարածքում բնակվում էին երկու ընտանիքներ և այդ ընտանիքների ներկայացուցիչները, տեղեկանալով իրենց բնակելի հողատարածքի դիմաց առաջարկվող գումարի չափի մասին, եկել էին համաձայնության։ 

Արդյունքում  կնքվել էր պայմանագիր, որով մի կողմը պարտավորվում էր լքել այդ տարածքն, իսկ մյուս կողմը՝ վճարել։ Համաձայնության գալուն պես Խանիկ Պետրոսյանը սկսել էր շինարարությունն՝ առանց պայմանագիր կնքելու։ Բնակիչներն այդ կապակցությամբ բողոքել էին, սակայն Խանիկ Պետրոսյանը նրանց հետ հանդիպման ժամանակ վճարվող գումարի չափը սակարկել էր և 100 հազար ԱՄՆ դոլարի չափով կնքել պայմանագիր։ Բնակիչներից Լիլիթ Ասատրյանի խոսքով, իրենք չեն ցանկացել համաձայնել սակագնի հետ, սակայն, քանի որ ուրիշ տարբերակ չունեին, գնացել էին զիջումների․ «Չէինք համաձայնվում գումարի չափի հետ, բայց քանի որ կատարած շինարարության հետևանքով արդեն վնասվել էր մեր տարածքը, ուրիշ տարբերակ չունեինք, որոշեցինք բողոքել, սակայն Խանիկ Պետրոսյանը մեզ ասեց , թե ու՞մ պիտի բողոքեք»։ 

Նրա խոսքով , ստեղծված իրավիճակով պայմանավորված, իրենք սկսեցին վարձով ապրել․ «Շինարարության հետևանքով բնակելի տան մեջ բնակություն հաստատելու համար նախատեսված պայմանները ոչ նպատակարմար էին և այդ պատճառով մեզ առաջարկեցին վարձով ապրել և խոստացան, որ վարձավճարն իրենք կփոխանցեն, սակայն վարձավճարը մեկ տարի փոխանցելուց հետո էլ չփոխանցեցին և կորան»։

Մյուս բնակելի տան բնակիչ Էմմա Հակոբյանը նշեց, որ իրենց բնակելի տունն այլևս ենթակա չէ բնակվելու համար, կոյուղաջրեր են լցվել, կատարվել է գողություն և տան շատ ապրանքներ գողացել են։ Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ այս կապակցությամբ նամակ է գրել որոշ անձանց․ «Նամակ եմ գրել նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պատասխանն այն եղավ, որ դիմեմ դատարան»։

Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց խնդրի իրավական կողմը և տեղեկացրեց, որ արդեն երկու հայց ներկայացրել են դատարան, ինչպես նաև հաղորդում են ներկայացրել ոստիկանություն գողության մասին․ «Առաջին հայցով դիմել ենք, որ պայմանագիրը լուծարվի, գույքն օտարվի և ետ վերադարձվի քաղաքացիներին, իսկ երկրորդ հայցով գումարի բռնագանձման պահանջ ենք ներկայացրել, ինչպես նաև ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել գողության, գույքը դիտավորյալ վնասելու մասին»։

Բնակիչների խոսքերով, իրենք բազմիցս փորձել են հանդիպել Արթուր Բաղդասարյանի հետ խնդրի կարգավորման համար, սակայն վերջինս խուսափել է, իսկ Խանիկ Պետրոսյանը, տեսնելով նրանց , չի թույլատրել Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպել։

Նշենք, որ Այգեստան 11 փողոց 34/1, 34 հասցեների բնակիչներ Լիլիթ Ասատրյանը և Էմմա Հակոբյանը, Արթուր Բաղդասարյանի կողմից կառուցվող ՀԱՊԿ ակադեմիայի շինարարության հետևանքով իրենց կողմից կնքված պայմանագրի հիման վրա զրկվել են իրենց սեփականությունից՝ առանց պայմանագրով սահմանված գումարի հատուցման:

Արտյոմ Առաքելյան

Նույն շարքից