Հասարակություն գլխավոր 

Հանդիպում լինելու է միայն դատարանում. Կենդանաբանական այգու տնօրենը՝ ակցիայի մասնակիցների մասին

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգու դիմաց այգու որոշ նախկին աշխատակիցներ և կենդանասերներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։

Analitik.am-ի հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանը հերքեց այն մեղադրանքները, որոնք հնչել են իր հասցեին. «Բողոքի ակցիա իրականացնող անձինք Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն են, որոնք հեռացվել են աշխատանքից հիմնավոր պատճառներով»,-նշեց պարոն Խաչատրյանը։

Նրա խոսքերով, նախկին աշխատակիցներից ոմանք աշխատանքից հեռացվելու կապակցությամբ դիմել են դատարան, և դատարանը կտա համապատասխան կարգավորում. «Կենդանաբանական այգու հետ կապված բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն իրավական դաշտում»։

Դիտարկմանը, որ ակցիային են միացել նաև «Ջամբո» ընկերության հիմնադիր տնօրենը, ինչպես նաև Գյումրու կենդանաբանական այգու տնօրենի որդին, որոնք չեն եղել Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներ, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն իրենց շահն այս խնդրի կապակցությամբ, քանի որ չկա լիցենզավորման օրենսդրական կարգավորում կենդանիներ ձեռք բերելու թույլտվության կապակցությամբ և քանի որ որպես պետական հիմնարկի ներկայացուցիչ միայն ես եմ պայքարում այդ բացի կարգավորման համար: Նրանք դեմ են դրան և պահանջում են իմ հրաժարականը, քանի որ եթե իմ առաջարկներն օրենսդրորեն կարգավորվեն, տվյալ անձինք չեն կարող կենդանիներ ձեռք բերել»։

Անդրադառնալով ակցիայի մասնակիցների պահանջին՝ կապված քաղաքապետարանի կողմից հանձնաժողովի ստեղծելու հետ՝ պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ եղել են. «Նախկին աշխատակիցները դիմել են քաղաքապետարան, որտեղ նշել են իրենց մտահոգությունները և որի հիման վրա ստեղծված հանձնաժողովը կատարել և կատարում է համապատասխան ստուգումներ, նույնիսկ 6-րդ վարչությունն է իրականացնել ստուգումներ»։

Իրականացնող բողոքի և ակցիայի մասնակիցների պահանջների հետ կապված նրանց հետ հանդիպման մասին Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց. «Հանդիպում լինելու է միայն դատարանում, ես նրանց կողմից հնչած հայտարարությունների մասով դիմել եմ դատարան»։

Նշենք, որ այսօր Կենդանաբանական այգու տարածքում բողոքի ակցիա են իրականացնում որոշ մարդիկ՝ պահանջելով Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը։

Հիշեցնենք նաև, որ այսօր Կենդանաբանական այգու պաշտոնական բացումն է։

Նույն շարքից