Հասարակություն 

Պատգամավորները կարող են քրեականացնել համացանցում հայհոյանքները

Այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Գլխավոր Դատախազին տեղեկացրեց իրեն անհանգստացնող համացանցային տիրույթում գոյություն ունեցող երևույթի մասին․ «Մի երևույթ է գոյացել և այդ հարցին դատախազության մոտեցումն է ինձ հետաքրքրում: Խոսքը համացանցային խուլիգանության մասին է, այսինքն քաղաքական գործիչներն իրենց կարծիքն են հայտնում սոցիալական ցանցում, որի հետևանքով բազմաթիվ օգտատերեր վիրավորում են այդ գրառումներն ամենավերջին հայհոյանքներով»։

Այս հանգամանքն, ըստ պարոն Պետրոսյանի, նորմալ չէ, նորմալ չէ նաև այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները բացարձակ անգործություն են դրսևորում, այս հարցի կապակցությամբ։

Գևորգ Պետրոսյանը տեղեկացրեց նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մասին, որով արարքը որպես խուլիգանություն որակելու համար առկա են եղել բարդություններ։

Անդրադառնալով այդ խնդրին՝ Գլխավոր դատախազը նշեց, որ դա դատախազության համար ողջունելի չէ այդ երևույթը։Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների անգործությանը, պարոն Դավթյանը նշեց, որ իրավապահ մարմինները չեզոքություն են դրսևորում, քանի որ չկա համապատասխան օրենսդրական կարգավորում։

Արթուր Դավթյանը հիշեցրեց Գևորգ Պետրոսյանի՝ օրենսդրական նախաձեռնություն ունենալու իրավունքի մասին․ «Դուք որպես իրավաբան և պատգամավոր հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ և հայհոյանքները քրեականացրեք»,-նշեց Գլխավոր դատախազը։

Նույն շարքից