Այսօր ծրագրեր կան, որ փողոցում տեսախցիկը կախում ես, մարդը տակով անցնում է, անունը ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, կոշիկի ռազմերը, երեկ ինչ է կերել, ում է բարևել, ում է հյուր գնացել, լրիվ ասում է: Այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի (հարց համար 44) քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, թե լավ չի հասկանում այն նախագծերը, որոնցով առաջարկվում է ետ գնալ. «Այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարներով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն, բայց թոշակ են ստանում, ինչի արդյունքում մեր պետությանը միլիարդների վնաս է հասցվել: Մենք առաջարկում ենք էլի մեխանիզմ ստեղծել, որ նույն բանը տեղի ունենա՞: Սա անընդունելի է: Պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումը հեշտ լինի, սակայն դա անել առաջ գնալու ճանապարհով: Եթե քննարկվում է ետ գնալու տարբերակը, ես ասում եմ, որ պետք չէ դա անել: Այսօր 21-րդ դարն է, պետք է առաջ գնալ, տեխնոլոգիաներն օգտագործել, սակայն մենք ամեն ինչ անում ենք 1997 թվականում հայտնվելու համար: 21-րդ դարն է, գտեք տեխնոլոգիաներ, որ մարդու գոյություն ունենալու փաստն արձանագրվի այլ ճանապարհներով: Թե չէ մենք իբր մարդկանց ծառայություն ենք մատուցում, բայց վնաս ենք հասցնում: Մենք պաշտոնյա ենք դնում, որ նա հաստատի մարդը ողջ է, թե՝ ո՞չ: Նշանակում է, որ այդ պաշտոնյային հնարավորություն ենք տալիս գոյություն չունեցող թոշակառուի թոշակը ստանալ: Պետք է թվայնացում լինի»: