Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է տարվա մեջ երկու անգամ խորհրդարանի նիստերն անցկացնել մարզերից մեկում: Համապատասխան նախագիծը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարար Զեյնալյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, նշեց, որ ԱԺ-ն այսպես թե այնպես բացառիկ դեպքերում կարող է նիստ հրավիրել մարզերից մեկում, դա կկրի արարողակարգային բնույթ, սակայն օրենքով դա ամրագրելը նպատակահարմար չէ և բարդություններ են առաջանալու:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին խոսեց բարդությունների մասին, որոնք կարող են հետևել այդ որոշմանը՝ ծախսեր, տեղափոխության հետ կապված խնդիրներ և այլն: Վարչապետը հիշեցրեց, որ Ազգային ժողովի հանձնաժողովները հիմա էլ կարող են նիստեր անցկացնել մարզերում, իսկ ամբողջ Ազգային ժողովի նիստը մարզերում անցկացնելը լուրջ ծախսերի հետ կապ ունի, բարդություններ կլինեն:
ԲՀԿ-ականի նախագիծը մերժվեց: