Հասարակություն գլխավոր 

Գագիկ Ծառուկյանի մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ. Գլխավոր դատախազ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ստուգողական գործողություններ կկատարվեն և դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական»,-ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազը ձեռնպահ մնաց կարծիք կամ գնահատական հայտնել՝ արդյոք իսկապես հայաստանյան օրենսդրության խախտում եղել է՝ ընդգծելով, որ իր գնահատականներով կկաշկանդի այդ գործով նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին։

«Ես այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի ու դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական։ Կտրվի քրեաիրավական գնահատական, հետո, եթե ես կունենամ այլ դիրքորոշում՝ կհայտնեմ։ Բայց սա պետք չի շփոթել այն դեպքի հետ, երբ ասում են, որ Գլխավոր Դատախազը դեռևս քննարկում էր մեղադրյալի մեղադրանքը վերացնելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը և հրապարակային հայտարարեց, որ բավարար ապացույցներով մեղադրանք է հնչել։ Քրեադատավարական օրենքը սահմանում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին, այդ պահից սկսած դատախազը ստանձնում է պարտավորություն ստուգելու այդ որոշման օրինականությունը, այսինքն անկախ նրանից բողոք, միջնորդություն կլինի, թե չի լինի, եթե դատախազը գտնի, որ որոշումն անօրինական է կամ անհիմն, ինքն այդ որոշումը վերացնելու է։ Հետևաբար, այս փուլում դատախազը, ընդհուպ մինչև գլխավոր դատախազը կարող է ունենալ դիրքորոշում, այսինքն դիրքորոշում, որ բավարար են եղել ապացույցներն անձին մեղադրանք առաջադրելու համար։ Բայց դա խոչընդոտ չէ, որ դրա վերաբերյալ ներկայացրած միջնորդության մեջ միգուցե նոր փաստարկներ կամ նոր վերլուծության արդյունքում դատախազը նաև միջնորդությունը բավարարի»,-ասաց Դավթյանը։

Նույն շարքից