ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, լուրջ է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման գործում իր պատասխանատվությանը և հավատարիմ է ձգտմանը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև հանդիպում է տեղի ունեցել ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը ձեռք են բերվել գոհացնող համաձայնություններ»,-հայտարարել է Քենթը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը, ամերիկացի պաշտոնայն նշել է, թե չի կարող ասել, որ տեղի մասով որոշում կա. «Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին: Մենք ցանկանում ենք աջակցել գործընթացին, որը հանգեցնելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք հավատարիմ ենք ձգտմանը՝ օգնելու կողմերին հասնել հարցի խաղաղ կարգավորմանը»: