Այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, խոսելով վերջին շրջանում տեղի ունեցած վթարների մասին, նշեց, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում 4 անձի մահվան դեպք է գրանցվել ․ «Շատ ցավալի է, քանի որ ունեցանք 4 զոհ. երկու վրաերթ Երևան քաղաքում, Մեղրիում զինվորական 2 հարազատ եղբայրներ, որոնք դուրս էին եկել հանդիպակաց գոտի ու վթարի ենթարկվել: Իսկ մյուսը, եթե չեմ սխալվում, բժիշկ կամ բժշկուհի է եղել»։
ՃՈ պետը նշեց, որ այդ ամենը նրա հետևանքն է, որ չեն պահպանվել ճանապարհային երթևեկության կանոները և կոչ արեց ոչ միայն երիտասարդներին, այլ նաև՝ միջին տարիքի մարդկանց, պահպանել համապատասխան կանոնները։
Պարոն Կարապետյանի խոսքերով, այս խնդիրն առկա է ամբողջ աշխարհում։
Խոսելով գծանշումների խնդրի մասին, որ դրանք լավ չեն երևում՝ ՃՈ պետը նշեց, որ այն կապված է եղանակային պայմանների հետ․ «Եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով մենք արդեն 10 օր է, ինչ չենք կարողանում գծանշումներն անել, պետք է ասֆալտի ջերմաստիճանը բավարար լինի գծանշումների համար»:
ՃՈ պետը տեղեկացրեց նաև, որ վարորդական իրավունք ստանալու կարգն ավելի է խստացվելու․ «Եթե չեմ սխալվում այս պահի դրության հարցաշարում տեղ գտած 600 հարցերը հասցվելու են մինչև 1000-ի»։