Քաղաքական Միջազգային 

Ո՞վ է համաշխարհային քաղաքականության մեջ ամենաազդեցիկ դեռահասը /Լուսանկարներ/

Գրետա Թունբերգը 16 տարեկան է, և առանց չափազանցության աշխարհի ամենաազդեցիկ դեռահասը։ Գրետան չի երգում, չի պարում, չի վարում նորաձև բլոգ, և չի կարող հպարտանալ հայտնի քաղաքական գործիչների հետ բարեկամական կապերով։ Գրետան հասարակ շվեդ դեռահաս է, որը պայքարում է կլիմայական փոփոխությունների դեմ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր ապագան վաճառել են, որպեսզի մի խումբ մարդիկ կարողանան ավելի շատ գումար աշխատեն»,-այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գրետան ապրիլ ամսվա վերջին բրիտանացի նախարարների հետ հանդիպման ժամանակ։

Դեռևս մեկ տարի առաջ Գրետային ոչ մեկ չէր ճանաչում, սակայն վերջին շրջանում նրա մասին գրում են գրեթե բոլոր ԶԼՄ-ները, հրավիրում են հարցազրույցների, կոնֆերանսների։ Կես տարվա ընթացքում դեռահասը հայտնի է դարձել իր ելույթով, որը «TED Talks»-ում հավաքել է 2 միլիոն դիտում, իսկ Ինսթագրամում նա ունի 1,3 միլիոն հետևորդ։

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Գրետան 2018 թվականին թողել է ուսումը, որպեսզի հայտարարի իր քաղաքացիական դիրքորոշման մասին։ Դպրոց վերջինս չի հաճախել մինչև Շվեդիայի խորհրդարանական ընտրությունները՝  սեպտեմբերի 9-ը։ Երեք շաբաթ աղջիկը բողոքի ակցիաներ է կազմակերպել․«Դպրոցական բողոք կլիմայի համար» կարգախոսով։

Գրետան պահանջել է քաղաքական գործիչներից հետևել փարիզյան համաձայնությանը կլիմայական փոփոխությունների հետ կապված՝ համոզելով նրանց, որ իրավիճակը շատ վատ է։ Ընտրություններից հետո Գրետան ամեն ուրբաթ բողոքի ակցիաներ է կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ՝ կոչ անելով բոլոր աշակերտներին միանալ ակցիային՝ հանուն լավ ապագայի։

2018 թվականի դեկտեմբեր ամսին Գրետան ելույթ է ունեցել ՄԱԿ-ում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է եղել կլիմայական փոփոխություններ թեմային, որից հետո մասնակցել է Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Դավոսին հաջորդել է ելույթներ Եվրախորհրդարանում և այլ ազդեցիկ կառույցների հանձնաժողովներում։

Նույն տարվա դեկտեմբեր ամսին «Time»-ը վերջինիս ներառել է 25 ամենաազդեցիկ պատանիների ցանկում, իսկ ապրիլ ամսին «top-100» ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

Նույն շարքից