Հայաստան Քաղաքական 

Եթե ՔՊ-ից անդամագրվելու առաջարկ լինի, չեմ ընդունի. Մասիսի քաղաքապետ

Նոր իշխանությունների հետ շատ լավ եմ աշխատում, որևիցե խնդիր չկա, խոչընդոտ չկա, ամեն ինչ նորմալ է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով, թե ինչպես է աշխատում նոր իշխանությունների հետ և հավելելով, որ մինչև պաշտոնավարման ավարտ շարունակելու է աշխատել:

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ինքը շարունակում է պաշտոնավարել, իսկ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ ոչ, եթե հաշվի առնենք, որ երկուսով էլ տարբեր գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեն, Համբարձումյանը նշել է, որ քաղաքապետն ընտրված պաշտոնյա է. Քաղաքապետին մեղադրանք է առաջադրված, բայց այն ապացուցված չէ: Ես նորմալ աշխատում եմ:

Համբարձումյանի կարծիքով, իրեն մեղադրանք առաջադրվելուց հետո իր համակիրների թիվը չի կրճատվել, սակայն նոր ընտրություններին չի ցանկանում մասնակցել, բայց այդ մասով դեռ որոշում չի կայացրել. Ամեն դեպքում ես վստահ եմ, որ խնդիր չեմ ունենա անցնելու հետ, եթե առաջադրվեմ:

Քաղաքապետը նշել է, որ այլ գործի է ուզում անցնել, որևէ ճնշում չկա իշխանությունների կողմից, իսկ ինքը շարունակում է ապրել այնպես, ինչպես ապրել է:

Հարցին, թե ուրախ է արդյո՞ք, որ Հայաստանում հեղափոխություն եղավ, Համբարձումյանը նշել է, որ իր համար լավ է այն, ինչը լավ է ժողովրդի համար:

Համբարձումյանը նաև հայտնել է, որ ՔՊ-ին անդամագրվելու առաջարկ չի եղել, իսկ եթե լինի չի ընդունի:

 

 

Նույն շարքից