Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 100-օրյա պաշտոնավարման ափոփիչ ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր կողմից իրականացված ծրագրերը նախարարության առջև դրված խնդիրների լուծման համար։
Անդրադառնալով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված գրքի շնորհանդեսին, տիկին Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ գրքի շնորհանդեսն իրականացրած ՀԿ-ն միակ ՀԿ-ն է, որը համագործակցում է Կառավարության հետ։
Analitik.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ չափորոշիչների հիման վրա են ընտրվում ՀԿ-ները կամ չկան արդյո՞ք սեռական բռնության դեմ պայքարի հետ կապված այլ կազմակերպություններ և եթե կան ինչո՞ւ է նախապատվությունը տրվել հենց այդ ՀԿ-ին, Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ այդ կազմակերպությունները մրցութային կարգով են ընտրվում. «Կառավարության հետ համագործակցող հասարակական կազմակերպություններն ընտրվում են հատուկ մրցութային կարգով»։
Բայց թե ինչ մրցութային կարգով են ընտրվում, տիկին Բաթոյանը ֆինանսավորման խնդրի պատճառաբանությամբ չներկայացրեց. «Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե այլ կազմակերպություններ կան արդյոք, ապա այլ կազմակերպությունների մասին այս պահին ինձ հայտնի չէ։ Մենք համագործակցում ենք այն պարզ պատճառով, որովհետև այդ կազմակերպությունը իրականացնում է պետական գործառույթ, աջակցություն է ցուցաբերում այդ մարդկանց»։
Տիկին Բաթոյանի խոսքերով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն իրենց իմացած միակ կազմակերպությունն է, որը պայքարում է սեռական բռնությունների դեմ. «Սակայն եթե կլինեն այլ կազմակերպություններ, ֆինանսավորման դեպքում մենք կմշակենք չափորոշիչներ, ինչպես դա արել ենք այլ ոլորտի հետ առնչվող ՀԿ-ներից մեկի դեպքում»,- նշեց Զարուհի Բաթոյանը։