Լրագրողներին
Բացառիկ անբացատրելի բան է տեղի ունեցել. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռից (բալանս) անհասկանալի կերպով կենդանաբանական այգու բյուջեն տեղափոխվել է բնապահպանության նախարարություն: Որևիցե բացատրություն, որը փակագծեր կբացի, չի տրվում։
Դրա փոխարեն, Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղերում, նաև ԲՆ-ի կայքում տեղեկացնում են հետևյալը․
«Կենդանաբանական այգու ցուցադրություններ» միջոցառման գծով Նախագծով նախատեսվում է հատկացնել 302.4 մլն դրամ՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հաստատված 252.0 մլն դրամ գումարի դիմաց, որը պայմանավորված է ԱԱՀ-ի նախատեսմամբ:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է աջակցություն Երեանի քաղաքային համայնքին մշակութային ժամանցի միջոցառումների իրականացման նպատակով, որը իրականացվում է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի միջոցով:
Հատկացումն էլ կցվում է ոչ թե Երևանի քաղաքապետարանին, այլ բնապահպանության նախարարությանը:
Հարց է ծագում, թե ո՞րն է խնդիրը, առավել ևս, որ նախորդ տարիներին նախատեսվող միջոցների հատկացումը կարծես այդ սխեմայով չի արվել:
Մյուս կողմից, սա միանձնյա որոշում կայացնելու տպավորություն է թողնում՝ հաշվի առնելով կենդանաբանական այգու շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը, այդպես էլ այնտեղ ֆինանսական աուդիտ և գիտական (մասնագիտացված) ստուգումներ չանցկացնելը, նաև՝ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի և Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի Ժ/Պ-ը Խաչիկ Հակոբյանի հարաբերությունները: Արդյոք սա այն հարցը չէ՞, որ արժեր առնվազն հիմնավորել, թե՝ ինչո՞ւ է այդպես արվում, ո՞րն է նման տարբերակի անցնելու հիմնավորումը, ինչո՞ւ հետաքրքրված հանրության հետ չի քննարկվում հարցը կամ գոնե՝ ինչո՞ւ չի պարզաբանվում նման որոշումը:
Սա նվազագույնն է, որ կարելի է ասել այս պահին։
Հավելելեմ, որ բնապահպանության նախարությունից չեմ ստացել դեռ կենդանաբանական այգու վերաբերյալ նամակիս պատասխանները։
Այս պահին հայտնում եմ իմ լրագրող ընկերներին, որոնք չեն տարվել անձնական որևիցե գայթակղության և հավատարիմ են մնացել լրագրողի մասնագիտությանը, որ Ռուբեն Խաչատրյանի և Էրիկ Գրիգորյանի աշխատակիցների, կամ ծանոթների կողմից այս վերջին մեկ տարվա ընթացքում ստացել եմ տարբեր վիրավորանքներ, ընդհուպ մինչև հայհոյանքներ։ Մեկ տարբերակի սքրինը ժամանակին ցույց եմ տվել պարոն Գրիգորյանին:
Պարոն Գրիգորյան, բացի դրանից նման՝ գրողների բիոմակարդակը փաստող «սքրիններ» էլի կան, այդ թվում Վագ Լևոնյան օգտատիրոջից։
Հասկանում եմ, նորից կնշեք, թե դուք ձեր տեղն եք խոսում, բայց եղելությունն ու իրադարձությունները ձեր դեմ են խոսում։
Բայց չընկնենք պարզունակ բանսարկուների ու նրանց ճղճիմ բանսարկությունների ճահիճը: Շրիշակից (պլինտուս) ցածր մակարդակի ռեակցիաներին անդրադառնալու առանձնապես ցանկություն չկա, բայց թող չկարծեն, թե համապատասխան մանրադիտակ չունենք՝ պատկերավոր ասած:
Գործերի մասին: Մեկ տարվա մեջ բնապահպանության ոլորտում, համենայն դեպս, անտառների գույքագրման, պահպանվող տարածքների քարտեզագրման, հանքարդյունաբերության ազդեցությունը նվազեցնելու ասպարեզում ոչինչ չունեք ցույց տալու հանրությանը, պարոն նախարար։
Ասացեք, որն է բնապահպանության նախարարի «այլ ձևով աշխատելը», հասկանանք՝ ինչու է հայտարարվում, որ աշխատում եք, իրականում պլաստիկ փուչիկ ու էլեկտրական մեքենաներ եք գովազդում։ Առայժմ այսքանը։
Հ․Գ․ Խնդրում եմ կենդանասերներին, որոնց բարձր պաշտոնյաները անվանում են «տրաֆիկյոռ» իմ գրառման տակ չգրեն մեկնաբանություն։ Կարող եք կիսվել, բայց խնդրում եմ ձեր տիրույթում մեկնաբանել, քանի որ իմ լրագրողական հետաքննության արագությանը դա խանգարում է։ Շնորհակալություն։
Տարածելը խրախուսվում է։
"Էկո-մեդիա" լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյան
