Այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նախարարությունում սպասվում է աշխատավարձերի բարձրացում, հայտարարեց, որ առաջարկություն են ներկայացնելու կառավարությունն աշխատավարձերը բարձրացնելու հարցով: Հիմա նախարարը չի կարող ասել, թե որքանով են ուզում աշխատավարձերի բարձրացում, քանի որ դեռ պետք է հաշվարկներ անել:
Նախարար Ցոլակյանի խոսքերով, ԱԻՆ-ում աշխատավարձը շատ ցածր է, սակայ կառավարությունը լուծում գտել է՝ մեծ գումար է տվել, որը պարգևատրումների տեսքով տրվում է աշխատկիցներին: Այն կազմում է աշխատավարձի մոտ 30 տոկոսը:
Պարգևավճարները տրվում են եռամսյակը մեկը:
Հարցին, թե ինչ փոփոխություններ են եղել Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարվա ընթացքում, Ցոլակյանը նշեց, որ դրական է գնահատում նոր իշխանությունների գործունեությունը, արվել են գործողություններ, որոնք շատ օգտակար են եղել բնակչության համար. «Մենք փորձել ենք ավելի մոտենալ մարդկանց: Գործընթացը հիմա շարունակվում է: Դեռ կլինեն նոր բաներ, որոնք ավելի օգտակար կլինեն մարդկանց»:
Ինչ վերաբերում է հարցին, թե իրականություն դարձան արդյո՞ք հասարակության սպասելիքները Փաշինյանից, նախարարը նշեց, որ մեկը տերտեր է սիրում, մեկը՝ տերտերի կնիկ. «Հիմա ո՞նց ասեմ: Մարդիկ տարբեր գնահատականներ են տալիս: Ես գնահատում եմ լավ, ես այսպես էլ պատկերացնում էի»: