Հասարակություն 

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողության շրջանակներում մայիսի 6-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային:
Այս մասին Analitik.am-ին հայտնում են  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայությունից:
 
ՀՀ վարչապետի ներկայությամբ նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված են հրշեջներ՝ կրակի դեմ պայքար մղելու պահին, իսկ նամականիշի խորապատկերին ներկայացված է հրշեջ մեքենա: Նամականիշը ձևավորված է գեղարվեստական ոճով՝ կապույտ և դեղին հակադիր գույների համադրությամբ՝ խորհրդանշելով ջրի և կրակի պայքարը:
 
330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով:  Նամականիշերի դիզայնի հեղինակն է  «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նույն շարքից