Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Մայիսի 11-ին տղամարդկային եղբայրությանը նվիրված մոտոերթ. Զրույց՝ կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ

analitik.am

Դերասան Գևորգ Գրիգորյանը  Մայիսի 11-ին մոտոերթ է կազմակերպում՝ նվիրված բրուտալ և տղամարդկային ապրելակերպին։ Analitik.am-ը զրուցեց  Գևորգի հետ՝  նախաձեռնության մանրամասների մասին։

Գևորգ, ո՞րն է այս նախաձեռնության նպատակը։ Ինչո՞ւ որոշեցիք նման միջոցառում կազմակերպել:

Վերջերս բրուտալության անկում եմ նկատում հասարակության շրջանում։ Տղամարդկային եղբայրության և ընկերության գաղափարները նահանջել են ու ճգնաժամ են ապրում Հայաստանում։ Որոշել ենք այդ ուղղությամբ մի փոքր աշխատանք տանել ընկերներով։

Ի՞նչ է նախատեսվում այդ օրը, մոտոերթի մանրամասների մասին մի փոքր պատմեք: 

Նախատեսում ենք մայիսի 11-ին՝ առավոտյան 10:00-11:00-ն,  հավաքվել Օպերայի մոտ՝ Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ, և երթ սկսել Երևանով։ Երևանում շրջելուց հետո կուղևորվենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Երթը կավարտենք նորից Երևանում և կգնանք ռոք համերգի։

Ինչո՞ւ եք որոշել երթը հենց  մոտոցիկլետներով կազմակերպել:

Հայաստանում  բավականին շատ մոտոցիկլետ վարող մարդիկ կան, որոնք ցանկություն ունեն միավորվելու, բայց ցրված են և միմյանց  չեն ճանաչում։ Կարծում եմ՝ լավ առիթ է բոլորին ծանոթացնելու և միավորելու։

Սա միակ այդպիսի երթն է լինելո՞ւ, թե՞ առաջիկայում էլի են նման երթեր նախատեսվում:

Այո, լինելու են,  ցանկություն ունենք պարբերաբար երթեր կազմակերպել դեպի Հայաստանի տարբեր մարզեր, քաղաքներ և, իհարկե,  Արցախ։ Ինչ վերաբերում է այս երթին, ապա,  ամենայն հավանականությամբ, այն  ամենամյա կլինի։ Պլանավորում ենք ամեն տարի մայիսի 11-ին տղամարդկային եղբայրությանը նվիրված մոտոերթ կազմակերպել։

Նույն շարքից