«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորն այս օրերին շտապում են Արցախ։ Մայիսի 7-ին Արցախում սկսվում է ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովը, որին մեծ թվով մարդիկ են հրավիրված։
ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ևս մայիսի 8-ին մեկնելու է Ղարաբաղ` մասնակցելու եռատոնին, Շուշիի ազատագրման տոնակատարություններին։
Վարչապետի խոսնակից տեղեկացանք, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն էլ է մեկնելու Արցախ՝ մայիսյան տոնին մասնակցելու, իսկ մայիսի 8-ին նա ասուլիս է տալու, իր իսկ հայտարարությամբ՝ ամենաերկար ասուլիսը։
Վլադիմիր Կարապետյանին հարցրինք՝ ինչքա՞ն է տևելու ասուլիսը՝ 6 ժա՞մ, ինչպես Վլադիմիր Պուտինի ասուլիսը։ «Պարոն վարչապետը հակված է պատասխանել բոլոր հարցերին»:
Ի դեպ` հիշենք, որ մայիսի 8-ը նաև Երկրապահի օրն է, և Սասուն Միքայելյանն այդ օրն առաջին անգամ հանդես է գալու որպես ԵԿՄ նախագահ։ Արդյոք տոնական միջոցառումների շրջանակում կհանդիպե՞ն Ղարաբաղում գտնվող Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, մնալո՞ւ է այդքան Սերժ Սարգսյանը Ղարաբաղում, ՀՀԿ-ից հպարտորեն հայտարարեցին․ «Իր ազատագրած հողն է, ինչքան ուզենա, կմնա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում