Քաղաքական 

Որքան էլ չկամենա «Հայկական ժամանակի» խմբագիրը, լյուստրացիան Հայաստանում ընթանում է արդեն մեկ տարի. Լևոն Բարսեղյան

Իսկության իսկական մոմենտը

Լյուստրացիան քաղաքական հաշվեհարդարի գործիք համարելը կամ այդ համարելը վնասակար բան համարելը նույնն է, թե մարդու օրգանիզմում վիրուսի գոյությունը անվտանգ համարեն, ու ասեն՝ այ մարդ պենիցիլինն ինչ մեղքս է, ախր դրանով կենդանի օրգանիզմ եք ոչնչացնում կամ առնվազն ցույց եք տալիս բոլորին, որ օրգանիզմում կանոնավոր գործունեությանը վնասող մարմիններ կան: Դրանց չեզոքացումը հաշվեհարդար է, ինչ իմաստ ունի այդպես չար լինել:

«Հայկական ժամանակը» անցած 3 ամսում երեւի երրորդ անգամ է գրավում ուշադրությունս՝ ուշադրությունից կորող լրատվամիջոցների շարքում: Մինչեւ էսօր պարբերաբար նայում էի որպես լուրջ, հուսալի լրատվամիջոցի: Իհարկե, հեռու է դեղին համարվելուց եւ, հավանաբար, երբեք չի դառնա այդպիսին մի շարք հանգամանքների բերումով, բայց էսօրվա քանդակը կամ գոռելիեֆը սիմպտոմատիկ է, կամ ինչպես ասում էր Ամիրդովալթ Ամասիացին՝ ախտանիշային: Բարեբախտաբար, դեռ ոչ համախտանշային:

Երբ թերթում որեւէ բան լույս է տեսնում առանց հեղինակի հիշատակման, ես որպես միամիտ ընթերցող, համարում եմ, որ հեղինակային իրավունքը պատկանում է խմբագրին, խմբագրականը խմբագրինն է որպես կանոն, եթե խմբագիրն էլ չի հիշատակվում, ուրեմն հիմնադրի մտքերն են: ՈՒրիշ ինչ կառաջարկեք:

Էսօրվա քանդակը ֆանտաստիկ է մտքի սլացքով եւ, ներեցեք՝ գահավիժմամբ, հեղափոխականության անկմամբ: Սխալ ասացի՝ հարմարվողականության ճախրով: Լիներ այդ գրվածքը էն շարքում, որ չեմ կարդում վաղուց, չէի տեսնի երեւի: Կարճ, քանդակը կոչվում է «Լյուստրացիան քըխ է»: Ավելի ընդարձակ, «դա վնասակար բան է, չարժե այլեւս քննարկել», ավելի ընդարձակ՝ այսպես. «լյուստրացիայի մասին խոսում են օտարերկրյա գործակալները, ուրեմն հաստատ քըխ է»: Մառնեուլ իջնողները պատրաստվեն, հասել ենք, աժժ ջան:

Ես երեւի արդեն 10 տարի է խոսում եմ այդ մասին, խոսել եմ հեղափոխությունից առաջ, հեղափոխության օրերին, ապրիլի 24-ին օրինակ, եւ անցած մեկ տարում երեւի 28-30 անգամ հիշատակել եմ այդ գործիքը որպես հասարակության մեղքերի բացահայտման գործիք, դերակատարների բացահայտման մեքենա, եւ հետագա կառավարման համակարգից բացահայտված գործակալներին հեռու պահելու եւ այդով առաջիկա ռիսկերի կանխարգելման մեխանիզմ: Ուրեմն իրավունք ունեմ «Հայկական ժամանակի» քանդակում նաեւ ինձ նկատել եւ արձագանքել:

«Հայկական ժամանակը» իր քանդակում 5 կետանոց հայեցակարգ է առաջ քաշում, որի կետերը մեկը մյուսից զվարճալի են, խորհուրդ չեմ տալիս կուշտ կերած կարդալ: Հետո չասեք, թե չէի զգուշացրել:

  1. «... խորհրդային ԿԳԲ-ն բավականաչափ ժամանակ ուներ ամենակարեւոր փաստաթղթերը երկրից դուրս բերելու համար», պատասխան.-առանց լյուստարացաիայի չեք իմանա՝ ինչ են տարել, որքանով էին դրանք կարեւոր կամ ամենակարեւոր, երբ են տարել, ինչքան են տարել:
  2. « Եթե անգամ ենթադրենք, որ այդ արխիվներն ամբողջությամբ (առանց «խմբագրման») պահպանվել են, միեւնույն է՝ դրանց հրապարակումից հետո հասարակության մեջ կասկածներ են մնալու...», պատասխան.-հա, դե եթե կասկածելի մարդիկ են զբաղվելու լյուստրացիայով, կասկածներ հա էլ մնալու են, իսկ հնարավոր չէ՞ հուսալի եւ հանրային վստահություն վայելող մարդկանց ճարել էդ գործի համար, լուրջ՝ հնարավոր չէ՞:
  3. ««ԿԳԲ-ի արխիվները բացելու» արդյունքում կարող են բացահայտվել միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած ու մինչեւ հիմա համագործակցող անձինք, մինչդեռ այլ պետությունների գործակալները ոչ միայն չեն բացահայտվի, այլեւ ավելի ազատորեն գործելու հնարավորություն կստանան...»: Պատասխան.- էս գրողին արդեն կարելի է հարցաքննության կանչել, մարդն ահագին բան գիտե, պարզվում է:)
  4. «Գերտերությունները, որպես կանոն, Հայաստանի նման երկրներում աշխատում են ոչ այնքան «հաստիքային», որքան ազդեցության գործակալների միջոցով, իսկ այդ հարցում լյուստրացիան անզոր է։»:-Պատասխան.-կարելի է՞ հարցնել, ում է ՀԺ-ն համարում գերտերություն, իսկ գոնե «հաստիքային գործակալների» բացահայտումը վնաս է՞ ՀՀ առողջությանը:
  5. «Լյուստրացիան հասարակության մեջ բաժանարար նոր գծեր կառաջացնի եւ որոշակիորեն կմեծացնի լարվածությունը, ինչը բացարձակապես անընդունելի է աշխարհաքաղաքական մարտահրավերների ներկա պայմաններում։»: Պատասխան.-Իսկ անտեղյակ ապրել այն մարդկանց կողքին, որոնք ամեն րոպե կարող են նաղդել երկիրը ցանկացած վճարողի եւ նաղդել են ինչքան կարեցել են՝ մարտահրավեր է՞, թե՞ շատ քաղցր սեր եւ համերաշխություն այն մարդկանց հետ, որ չեն էլ համարում, թե Հայաստանի կենտրոնը Հայաստանն է, ու համարում են, որ Հայաստանը հազիվ մի զոն է իրենց վճարողների համար»:

Վերոհիշյալ դրույթների միջկետային հակասականության մասին հարկավոր է 10-րդ դասարանցիներին մրցութային շարադրություն գրել հանձնարարել, եւ նրանց կեսին կարելի կլինի 12-րդ փոխադրել անվարան:

Գայթակղությունը մեծ է այս ամենի փոխարեն գուգլից մի քանի հղում դնել, որ կարդան ՀԺ քանդակագործները լյուստրացիայի մասին, իմանան, թե ինչ հիմար եւ ապուշ են եղել սովետի եւ այլ լծերից ազատված պետությունները, որ լյուստարացիայի քավարանով են անցկացրել իրենց կառավարման համակարգերը պատասխանատու եւ արդար պետություն կառուցելու համար: Սակայն մտածեցի, որ նման հղումները քաղել-դնելը մի կողմից իմ արժանապատվությունն է նվաստացնում, մյուս կողմից՝ ՀԺ քանդակագործների, ինչ, ուրեմն լու՞րջ գուգլի տեղը չգիտեին: Ախր սա զոնդաժի առարկա էլ չէ, որ մտածեմ, թե հանրային կարծիքն են ուզում հասկանալ: Գործին տեղյակ ԱԺ մի քանի պատգամավորի կարող էին հարցնել, կբացատրեին, վստահ եմ, կարող է՞ հարցրել են, նրանք էլ ասել են՝ զահլա չունենք, ջանըմ: Կարիք կա՞ բացատրելու, որ հացը չի կարելի աղտոտ ամաններով մատուցել, հարկավոր է նախ ամանները լվալ, հետո միայն մատուցել: Էլի փոխաբերե՞մ, թե՞ բոլ է:

Այս պատմության մեջ այնուհանդերձ մի մխիթարական բան կա: Իսկական ժողովրդավարությունը թերես այն է, երբ վարչապետի հիմնադրած թերթը պիտի կարողանա վարչապետի համոզմունքներին հակառակ գաղափարներ առաջ քաշել եւ պնդել նույնիսկ, այդ պնդումները նույնիսկ համարակալել լուրջ տեսք տալու համար ու չնկատել, որ թերթի հիմնադրին ակամա վերագրում է գործակալական գաղափարներ:

Ահա եկավ այն իսկության պահը, երբ իշխանություն ունեցողները (Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը մտքներս), պետք է բաց ու միանշանակ արտահայտվեն՝ կո՞ղմ են լյուստրացիային, թե՞ դեմ, կուզե՞ն, որ լյուստրացիա լինի երկրում, բացահայտվեն բոլոր НКВД-КГБ-այլոց ուղղակի եւ անուղղակի գործակալները, նրանց անհայտ հանցագործություններն ու տված վնասները, թե՞ դեմ են: Եթե կողմ են, ուրեմն (1) ինչ է պատրաստվում անել խորհրդարանը, (2) ինչ է պատրաստվում անել կառավարարությունը, (3) ինչ է պատրաստում անել արդարադատության նախարարությունը: Ինչ տեսակ լյուստրացիա են անելու.

  1. Կո՞շտ՝ երբ քննվում ու ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ են բոլոր տեղեկությունները, որոնք վկայում են Հայաստանի առաջին հանրապետության կործանումից ի վեր մեր երկրի դեմ գործված բոլոր հանցագործությունները եւ վնասարարությունները մինչ օրս, թե՞՝
  2. Ուսումնասիրվում, քննվում, բայց ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ վնաս տված անձանց մասին տեղեկությունները, զավթարար ռեժիմների գործակալների մասին տեղեկությունները ու հրապարակվում են միայն այն դեպքում, երբ նրանք հավակնում են զբաղեցնել հանրային նշանակության պաշտոններ, լինել համայնքային իշխանության, կամ պետական իշխանության այս կամ այն պաշտոնի հավակնորդ:

Իսկ եթե պետական իշխությունը հրաժարվում է որեւէ լյուստրացիայի մտքից ընդհանրապես, արդեն ժամանակն է որ հայտարարվի այդ մասին, իմանանք ինչի տեր ենք, ինչի է հասել հեղափոխությունը եւ ինչ խորություն ուներ այն իրականում: Եթե իշխանությունը, նորընտիր խորհրդարանն ու կառավարությունը մատը մատին չի տալու լյուստրացիայի մասով ու էս հարցերին չեն պատասխանելու, մնում է վերջին ճանապարըհը: Այն է. ում մտահոգում է լյուստրացիան, գրում է «Լյուստրացիայի մասին» օրենք, կես ժամ անց ուղարկում է ԱԺ եւ կառավարություն եւ արդարադատության նախարարություն ու սպասում, թե հատկապես որտեղ են փոս փորում այն թաղելու համար՝ Բաղրամյան 19-ի պուրակու՞մ, Կառավարական տան բակու՞մ, թե՞ ԱՆ նկուղում: ՈՒ պրծ, ինչպես ասում էին Ագորայում:

Իրականում, որքան էլ չկամենա «Հայկական ժամանակի» խմբագիրը, լյուստրացիան Հայաստանում ընթանում է արդեն մեկ տարի, բազմաթիվ հրապարակային ելույթներում եւ գրվածքներում, հաղորդումներում եւ ճառերում մենք տեսնում ենք մարդկանց վերաբերմունքի եւ կենսագրության ակամա բացահայտումները: Սա պետական մակարդակով լյուստրացիան չէ, ինչ սպասում ենք շատերս, սա հասարակական լյուստրացիա է, քիչ չէ, բայց բավարար չէ: Իմացանք նաեւ, թե ով է Իսագուլյանից ու Գեղամյանից բացի լյուստրացիային դեմ: Ինքս չէի սպասում, բայց դե ես այնքան հին եմ, որ պարտավոր եմ ահագին բան սպասել, դաս առա, ուրեմն: Եւ, վերջապես, մենք Ցեղասպանություն, սերժիկ ու ռոբիկ տեսած ժողովուրդ ենք, սա էլ կհաղթահարենք:

Խնդրում եմ պարոն Վանեցյանին, իր ներկայացուցչին հանձարարել այս տեքստը իր անունից ոչ մի դեպքում չուղարկել «Հայկական Ժամանակին» որպես հերքում այն քանդակի, որ խռովեց մեր անքուն հոգիներն այնպես անպատեհ, որ էլ ասելու չէ: Էն էլ՝ ԱԱԾ ձեւաթղթի վրա։

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան

 

Նույն շարքից