Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը հայտնեց, թե երբ կհրաժարվի մանդատից

Վարչապետը ճիշտ է ասում, բիզնեսը պաշտպանելու անհրաժեշտություն չկա, բայց ամենակարևորը պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, ընկերություն, շրջապատ, հավատ, որովհետև ցանկացած ծրագրի ու ներդրման համար դա կարևոր է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ պետք է իրեն մանդատ այսօրվա Հայաստանում:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ հիմա մանդատից հրաժարվի, որպեսզի խոսակցությունները դադարեն, Ծառուկյանը նշել է, որ խոսակցություններն անհիմն են, վնաս են պետությանը, ժողովրդին, ինքն այդ մասին իր պատասխանում խոսել է: Նա նշել է, որ իր բիզնեսները հանձնել է կառավարման, կառույցներ տարիներով չի գնում: ԲՀԿ ղեկավարը հայտնել է, որ այս խոսակցություններն արդեն ներդրողների մոտ մտավախություն է առաջացրել, որ տեղից հելնողն անհիման հայտարարություներ կանի. «Կարող ա՝ վատ է քնել, չի կարելի: Կարող ա՝ մարդը վատ քնի-հելնի, անհիմն եզրակացություն անի: Ներդրողներն են արդեն մտածում են՝ հայաստանում ներդրում անեն, թե՝ ոչ» :

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է մարդկանց մոտ կասկածներ առաջացել իր մասով՝ Ծառուկյանն ասել է, որ կասկած չկա, ուղղակի տվյալ մարդիկ չեն երևում, նախանձում են իրեն, դրա համար էլ այդպիսի քայլերի են գնում:

Հիշեցնենք, որ Ծառուկյանից մանդատը վայր դնել պահանջում է ՔՈ կուսակցությունը:

Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ինքը նույնիսկ գիտի, թե ինչ քայլերի են գնալու հետո իր դեմ խոսացողները, սակայն չի ասի դա:

Հարցին, թե երբ կհրաժարվի մանդատից, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է՝ երբ Հայաստանն  իր պատկերացրած երկիրը լինի, ժողովրդի վիճակը լավանա, վարկերը փակվեն, զարգացում լինի, մարդկանց դեմքին ժպիտ լինի:

ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ինքը մարդ է, ով ուզում է քաղաքացիների մատից փուշ հանի. «Մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, ուղղակի ժողովուրդը մի քիչ վատացել է, որովհետև պարտքերն են շատ: Մարդկանց ուշքն ու միտքն այն է, թե ինչպես փակեն վարկերը» :

Նույն շարքից