ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կարդացել դիմումը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով Մայիսի 9-ին ընդառաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Մարուքյանի խոսքերով, երաշխավորման ինստիտուտը կա. «Դիմել են, դիմել են, գլխավոր դատախազն էլ կքննի»:
Հարցին, թե սա ինչ մեսիջ կարող է լինել Արցախի իշխանությունների կողմից, Մարուքյանը նշել է, որ իր համար մեսիջ չկա. «Նրանք քաղաքական մարդիկ են, նրանց բոլոր գործողություններում պետք է փնտրել քաղաքական ենթատեքստ, սակայն մենք խոսում ենք իրավական գործընթացների մասին: Նրանք ասում են, որ կարող են երաշխավորել, իսկ թե դա որքանով հաշվի կառնի գլխավոր դատախազությունը, պարզ կլինի»: