Այսօր՝ մայիսի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը խոսելով «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին նշեց, որ իր համար անհասկանալի են որոշ մտքեր, ինչպես նաև գրքում առկա լուսանկարները․ «Այն ոչ թե ծառայում է սեռական բռնության նվազմանը, այլ հակառակը՝ կարող է մեծացնել բռնության երևույթը, նույնիսկ ստեղծել բռնարարներ։ Պատկերված է այնպիսի նկար, որի բովանդակությունը կարող է վաղաժամ հոգեսեռական զարգացում բերել, դա էլ իր հերթին կխեղաթյուրի երեխայի ամբողջ հոգեկան առողջությունը»։
Անդրադառնալով գրքի վերնագրին, մասնագետը տեղեկացրեց, որ նման արտահայտություն արվել և արվում է միայն միասեռական անձանց շրջանում․ «Համասեռամոլներն անում են «իմ մարմինն անձնական է» արտահայտությունը, քանի որ այդ կերպ արդարացնում են իրենց վարքագիծն՝ իրենց հակառակվող մարդկանց մոտ, դա ասելով նկատի ունեն, որ իրենց մարմինն է, ինչ ուզեն կանեն»։
Տիկին Ներսիսյանը կարծում է, որ գրքի կազման և ընտրման մեթոդը համապասխան մասնագետների հետ քննարկում և նրանց մասնագիտական կարծիքը չլսելու հետևանք է․ «Սեռական բռնության վերաբերյալ կա նաև այլ ՀԿ, որի անդամն եմ նաև ես և մեր կազմակերպության բոլոր անդամները խնդրին բարձր մակարդակով տիրապետող մասնագետներ են, սակայն մեզ հետ քննարկում չի եղել»։
Նրա խոսքերով իրենց ՀԿ-ն չնայած այն հանգամանքին, որ կազմված է միայն որակյալ մասնագետներից, առանց ոլորտին առնչվող այլ մասնագետների հետ քննարկելու, չեն կազմելու որևէ գիրք, առավել ևս այն ներկայացնելու հանրությանը։
Ջավախքահայ քաղաքական և հասարակական գործիչ Վահագն Չախալյանն իր հերթին նշեց, որ գրքի շնորհանդեսը և գրքի կազման մեթոդը ծրագրված և գիտակցված քայլ է․ «Պետք է դիմել մասնագետներին և միայն նրանց հետ համատեղ քննարկում իրականացնելուց հետո ստեղծել սեռական բռնության վերաբերյալ գիրք»։
Պարոն Չախալյանն այս ամենը կապում է միջազգային կառույցների հետ, որոնց նպատակը երկրի բնակչության աճի զսպումն է․ «Այս ամենը թող անեն, բայց ոչ Հայաստանում։ Եթե համեմատենք ծնելիության և մահացության, ինչպես նաև արտագաղթի մակարդակը, ապա արդյունքում ունենալու ենք չնչին ցուցանիշ։ Մենք այսօր լինել չլինելու պայքար ենք տանում»,-ասաց պարոն Չախալյանը՝ նշելով, որ Հայաստանը բնակչության աճի ցուցանիշով զիջում է տարածաշրջանի մյուս հարևան երկրներին։
Վահագն Չախալյանը նամակ է ուղարկել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։
Գրքի բովանդակության և երևույթի մասին կարծիք արտահայտեց նաև «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը, ում խոսքերով այսօր ամեն կերպ փորձում են եկեղեցուն դուրս մղել կրթական համակարգում իր ունեցած դերից․ «Դա արվում է այն նպատակով, որ Հայոց եկեղեցու հոգևոր արժեքների փոխարեն քարոզվեն այլասերվածությունները, որովհետև հոգևորականը երեխային Աստծո խոսքով բացատրում է, թե որն է մեղք, որն է բարի և որը չարը։ Աստվածաշնչյան պատվիր հորդ և մորդ պատվիրանը երեխային հարգանք է ներշնչում ծնողների հանդեպ, իսկ «Իմ մարմինն անձնական է» գրքում երեխաների և ծնողների միջև տարաձայնություններ առաջացնելու միտում կա»,- նշեց պարոն Այվազյանը։
Վերջինս պնդում է, որ գիրքը ծնողին որպես բռնարարի է ձևավորում երեխայի հոգեկան աշխարհում․ «Այսինքն երեխան ծնողին վերաբերում է որպես պոտենցիալ բռնարարի, այդ թվում նաև քեռուն, հորեղբորը։ Ըստ գրքի, եթե քեռին կամ հորեղբայրը համբուրում կամ գրկում է, ապա պոտենցիալ բռնարար է»։