Հայաստան Քաղաքական գլխավոր 

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի մասին նախագիծը

Այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց միայն Իմ քայլը խմբակցությունը, իսկ ԲՀ և ԼՀ խմբակցությունները դեմ քվեարկեցին:

Նախագիծն ընդունվեց ձայների 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քննարկումները պտուղ չտվեցին ու նախագիծն ընդունվում է այնպես, ինչպես բերվել էր: Նա նաև քաղաքացիներին տեղյակ պահեց, որ կառավարության կառուցվածքի մասին նախագծով պայմանավորված ամառային ամիսներին կրճատումներ են լինելու, դրա համար պետք է պատրաստվել:

Ավելի վաղ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են որոշ փոփոխություններ: Այսպես՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական նախարարության, լրացվել են նաեւ այս կառույցի գործառույթները: Որոշ փոփոխություններ են կատարվել Կառավարության նիստերը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դրույթում: Սահմանվել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնելու չափորոշիչները: Ըստ այդմ՝ հանձնակատարի հայեցողական պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող եւ երկու օտար լեզվի տիրապետող անձը:

 

Նույն շարքից