Այսօր՝ մայիսի 8-ին, իր վարչապետության 1 տարին ամփոփոխող ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն հայտարարությունների մասին, թե հիմա Հայաստանում սուպերվարչապետություն կա և Ազգային ժողողովում այսօր ընդունված օրենքով այդ համակարգը չի փոխվելու:
«Սուպերվարչապետն ինչո՞ւ է կանգնում կարմիր լույսի տակ, ինչո՞ւ է 5 ասուլիս անում»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ սուպերվարչապետական համակարգն այն է, որ ամեն ինչ համաձայնեցվում է վարչապետի հետ. «Բաղրամյան 26-ն ինչո՞ւ վերադարձրեցինք նախագահին, ինչո՞ւ են դռները բաց, ինչո՞ւ ենք քվոտաներ առաջարկում ՀԾԿՀ-ում և ՏՄՊՊՀ-ում: Սուպերվարչապետական համակարգը երբ քննադատել եմ, առաջին հերթին դա եմ նկատի ունեցել»:
Փաշինյանը հիշեցրեց, որ ներկայացել է դատարան, ցուցմունք տվել, ինչը քաղաքական կամքի ցուցադրում է. «Ասում են, որ շոու է, բայց դա բացարձակ թափանցիկության ցուցադրում է: Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է: Եթե խոսքը վերաբերում է 1-2 գերատեսչությունների կարգավիճակին, այստեղ կան փաստեր: Օրինակ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու մասով, ես հարց եմ տալիս՝ ուզո՞ւմ ենք երկրում նոր Սերժ Սարգսյան: Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց է ձևավորվել: Ես էլի եմ ասում, սուպերվարչապետական համակարգն այն է, որ խումբը կամ մարդն իշխանությունը պահում է ու ասում է, որ որևէ մեկին չի տա: Իսկ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: Իսկ նման պայմաններում սուպերվարչապետ չի կարող լնիել: Հայաստանում նման բան չի կարող լինել ու չկա»: